Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, այդ թվում անձնակազմի 5 անդամները, զոհվածներից մեկը երեխա է եղել, 11 տարեկան տղա։
Նոր մանրամասներ են հայտի դարձել չվերթի ողբերգության մասին․ պարզվում է ինքնաթիռը բախվել է լուրջ տեխնիկական անսարքությունների, այդ թվում ՝ GPS-ի, կառավարման համակարգի խափանումների: Մինչ այդ օդաչուները դիսպետչերներին տեղեկացրել են ինքնաթիռի ծանր վիճակի մասին։
Աղետի պատճառների մասին պաշտոնական վարկած դեռ չկա։ Տարբեր գերատեսչությունների և լրատվամիջոցների տարբեր աղբյուրների վկայակոչված վարկածների թվում են թռչունների երամի բախումը, օդանավում գտնվող թթվածնի բալոնի պայթյունը և տեխնիկական անսարքությունը:
Հայտնվեց նաև վարկած, որ օդանավը կարող էր խոցվել ՀՕՊ համակարգերի կողմից։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը ռուսական տելեգրամյան ալիքներում հայտնված օդանավի պատյանի վնասման տեսանյութը կարող է վկայել այդ վարկածի ճշմարտացիությունը: Օդանավի վրա տեսանելի են հետքեր, որոնք նման են վնասող տարրերի հետքերին:
Գրոզնին, որտեղ պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը, չորեքշաբթի առավոտյան հարձակման է ենթարկվել, հավանաբար, Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից: Այս մասին պաշտոնապես չի հաղորդվել, սակայն մեծ թվով լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ խոսում են հենց այս մասին։ Ընդդիմադիր չեչենական տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ինքնաթիռի պլանավորված վայրէջքի ժամանակ տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Չեչնիայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հաստատել է նաև Ռամզան Կադիրովի եղբոր որդին՝ Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Խամզաթ Կադիրովը։ Ինչպես նշում է գործակալությունը, անօդաչու սարքերը հարձակվել են նաև Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի վրա։ Ինչպես հայտնել էինք երեկ Վլադիկավկազի «Ալանյա մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել և դա տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։
Չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ օդաչուների և դիսպետչերի խոսակցություններից դրվագներ, սակայն նշենք, որ դրանց իսկությունը չի հաստատվել: Ձայնագրություններից հետեւում է՝ օդաչուները կարծել են, որ ինքնաթիռը բախվել է թռչունների երամին և խնդրել են վայրէջք կատարել Մինվոդինում, այնուհետեւ Մախաչկալայում: Ամենայն հավանականությամբ, այդ օդանավակայաններում վայրէջքի անհնարինության պատճառով ինքնաթիռը թռչել է դեպի Ակտաու։
Ինքնաթիռի ողջ մնացած ուղևորներից մեկը, որը տեսանյութ էր հրապարակել ինքնաթիռից, որը նկարահանվել է աղետից քիչ առաջ, RT-ին պատմել է, որ օդաչուները երեք անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում և երրորդ փորձի ժամանակ «ինչ-որ բան պայթել է», ընդ որում ՝ ոչ «ինքնաթիռի ներսում»: Ակտաուի օդանավակայանում հայտնել են, որ օդաչուները ինքնաթիռը կառավարել են միայն շարժիչի օգնությամբ. բարձրության ղեկերը չեն աշխատել: Ողջ մնացած ուղևորներից մեկը ձայնագրել է իրեն, որում ասում է, որ «երկու ժամ թռչում էր և սպասում էր իր մահվանը», ինչը նաև հաստատում է, որ ինքնաթիռում խնդիրներ են առաջացել ինքնաթիռի ընկնելուց ավելի վաղ: Ինքնաթիռի մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ այն թռչում էր վնասված թևով։
Նշենք, որ վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում այն վարկածին, թե օդանավը վնասվել է թռչունների երամի հետ բախումից: Վարկածներից ոչ մեկը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Կատարվում է հետաքննություն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարել։ Հիշեցնեմ՝ Ալիևն երեկ ընդհատեց իր այցը Ռուսաստան, որտեղ մասնակցելու էր ԱՊՀ գագաթնաժողովին, և վերադարձել էր Ադրբեջան։
«Կան տարբեր վարկածներ, կարծում եմ, դեռ վաղ է այդ թեմայի շուրջ խոսելը, պետք է ամբողջությամբ հետաքննել», - մեջբերում ենք Ադրբեջանի նախագահի խոսքերը աղետի հնարավոր պատճառների մասին։
«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել են Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները՝ մինչև Embraer 190 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության ավարտը։
Պատրաստեց՝ Կ․ Մ․