կարևոր
1543 դիտում, 3 օր առաջ - 2024-12-30 12:20
Աշխարհ

Ալիևի պահանջները, Պուտինի ներողությունը․ նոր մանրամասներ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վթարի մասին

Ալիևի պահանջները, Պուտինի ներողությունը․ նոր մանրամասներ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վթարի մասին

Շարունակվում են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման շուրջ քննարկումները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ ինքնաթիռը դիտմամբ չի խոցվել, սակայն նշել է, թե փաստն այն է, որ ադրբեջանական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ 

«Իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա «սև արկղերի» վերծանումից հետո, բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված», - նշել է Ալիևը։

Նա հավելել է՝ այն փաստը, որ կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժն ամբողջությամբ անցքերում է եղել, օրակարգից ամբողջությամբ հանել է թռչունների երամի հետ բախման վարկածը:

Երկրի ղեկավարը ցավով նշել է, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին։

«Մեզ վրդովեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները վարկածներ էին առաջ քաշում գազի ինչ-որ բալոնի պայթյունի մասին, այսինքն դա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել այդ հարցը»,- ասել է Ալիևը։ 

Ադրբեջանը ռուսական կողմին երեք պահանջ է փոխանցել՝ կապված ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։

«Մենք մեր պահանջները հստակ հայտնել ենք ռուսական կողմին, դրանք պաշտոնապես ներկայացվել են դեկտեմբերի 27-ին։ Ի՞նչ են դրանք։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, երկրորդ՝ ընդունի իր մեղքը, երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, վնասները պետք է փոխհատուցվեն Ադրբեջանին, ինչպես նաև տուժած ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները։ Այս պայմաններից առաջինն արդեն կատարվել է», - ասել է Ալիևը պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի մյուս պայմանները ևս կկատարվեն։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 28-ին, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։

«Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում», - հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ադրբեջանական օդանավը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնի քաղաքի օդանավակայանում: Այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում): Կատարվում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետները:

Այս ամենի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի կրկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։

«Պուտինն ու Ալիևն հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված տարբեր հարցեր», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումն ուսումնասիրող հանձնաժողովը որոշել է վերծանման համար թռիչքի ձայնագրիչի տվյալները ուղարկել Բրազիլիայի Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA)։

Ըստ տրանսպորտի նախարարության՝ Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի չափանիշներին համապատասխան, որը Ղազախստանը վավերացրել է 1992 թվականին, հետաքննություն իրականացնող պետությունն ապահովում է ինքնագրիչների գրառումների ընթերցումը և որոշում է կայացնում սև արկղերի ընթերցման և վերծանման համար երկրի ընտրության մասին:

«Վերոնշյալ փաստաթղթի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության առաջարկությունները, Ադրբեջանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցությունները՝ Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի գլխավորած օդային վթարների հետաքննության հանձնաժողովը որոշում է կայացրել ուղարկել թռիչքի ձայնագրիչները (սև արկղեր) Բրազիլիայի Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոնին (CENIPA), որը նաև Embraer ինքնաթիռի ծագման երկիրն է», - ասվում է կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ CENIPA-ն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ, հագեցած է համապատասխան սարքավորումներով և դրանց ընթերցման համար վավերացված լաբորատորիայով։ Այդ հարցը գտնվում է Ղազախստանի ղեկավարի անձնական վերահսկողության ներքո, ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կոչ է արել անաչառ և թափանցիկ հետաքննություն անցկացնել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ և հիշեցրել՝ 30 օրվա ընթացքում միջանկյալ զեկույց հրապարակելու անհրաժեշտությունը։

«Նման հետաքննությունը պետք է իրականացվի Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի դրույթների համաձայն, որը պահանջում է միջանկյալ զեկույցի հրապարակում վթարից հետո 30 օրվա ընթացքում», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական ինքնաթիռները երբեք չպետք է լինեն ռազմական գործողությունների միտումնավոր կամ պատահական թիրախ: Մեծ հավանականությունը, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի 8243 չվերթը կարող էր ռազմական գործողությունների զոհ լինել, ինչպես նշում են մի քանի կառավարություններ, այդ թվում՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, չափազանց կարևոր է դարձնում մանրակրկիտ, թափանցիկ և անաչառ հետաքննությունը: Աշխարհն անհամբեր սպասում է միջանկյալ զեկույցի պահանջվող հրապարակմանը 30 օրվա ընթացքում՝ Չիկագոյի կոնվենցիայով ամրագրված միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասվում է IATA-ի գլխավոր տնօրեն Վիլի Ուոլշի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։ 

 

Պատրաստեց՝ Կարինա Մնեյան