կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-02-02 19:17
Հասարակություն

Հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից. Միրզոյանի հայտարարությանն արձագանքել են Բաքվից

Հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից. Միրզոյանի հայտարարությանն արձագանքել են Բաքվից

Որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ հակառակ մեսիջներ են ստանում պաշտոնական Բաքվից:

«Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին»,- նշել է Միրզոյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպություններին՝ արտգործնախարարն ընդգծել է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը.

«Նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում»:

Բաքուն անմիջապես արձագանքել է Արարատ Միրզոյանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում ցանկացած միջազգային կազմակերպության գործունեություն համապատասխան կազմակերպության և Բաքվի երկկողմ խնդիրն է»։

«Ցանկացած միջազգային կազմակերպության գործունեություն Ադրբեջանի «սուվերեն տարածքում» երկկողմ հարց է համապատասխան միջազգային կազմակերպության և մեր երկրի միջև։ Երրորդ երկրի ներկայացուցչի մեկնաբանությունը տվյալ հարցի շուրջ տեղին չէ։ Լավ կլիներ, որ Հայաստանի ԱԳ նախարարը մեկնաբաներ իր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը և տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,- նման ագրեսիվ հռետորաբանությամբ կրկին խոսել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։