Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտնվելը «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում՝ որը հրապարակվում է «Миротворец» կայքում, մեծ աղմուկ է բարձրացրել ղազախական լրատվամիջոցներում ։ Ղազախստանի իշխանությունները փորձել են աչք փակել դրա վրա, սակայն ստեղծված նախադեպը աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին ստիպել է մտածել այդ իրադարձության հնարավոր հետեւանքների մասին։ Ոչ պակաս, դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը, ինչպես եւ Ղազախստանը, չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայի հակամարտության նկատմամբ ։
«Миротворец» կայքն իրեն դիրքավորում է որպես «ազգային Ուկրաինայի պետականության հիմքերի, խաղաղության, քաղաքացիների անվտանգության դեմ հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետ-ներկայացուցչություն» (կայքի հղումը մեկնաբանություններում): Միևնույն ժամանակ, ուկրաինական կայքը տվյալների բազա է, որում մուտքագրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց կարծիքը չի համընկնում Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքի հետ: Հարկ է հատուկ նշել, որ տվյալների բազաներում՝ որոնք մինչև վերջերս բաց են եղել, նշվում են մարդկանց անձնական տվյալները՝ բնակության հասցեները, անձնագրային տվյալները, լուսանկարները և աշխատանքի վայրերը։
Կայքում տեղ գտած մարդիկ և նրանց հարազատները ենթարկվում են իսկական հալածանքների, շատերը ստիպված են փոխել իրենց բնակության վայրը և աշխատանքը: Արդեն կան մի շարք դեպքեր, երբ «Миротворец»-ի ցուցակում հայտնված մարդիկ զոհվել են, կամ պարզապես անհետացել։ Դրանից հետո նրանց լուսանկարները ցինիկաբար ձևափոխվում էին՝ ուղեկցվելով «ликвидирован» մակագրությամբ։ Եվ այստեղ բացառություն չեն Ուկրաինայի մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերն ապրում են երկրի արևելքում ՝ մարտական գործողությունների գոտում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Миротворец» կայքում արդեն հարյուրավոր ուկրաինահայեր կան, այդ թվում՝ երեխաներ։ «Миротворец» ցուցակը ուկրաինական իշխանություններն օգտագործում են երկրի արևելքում «зачисток» անցկացնելու համար։ Բացի Դոնբասում բնակվող հայերից, «Миротворец»-ի ցուցակում են հայտնվել նաև շատ այլ հայեր Ռուսաստանից։ Զարմանալի է, որ նրանց մեջ կան քաղաքականությունից հեռու և «անշառ» մարդիկ, ինչպիսիք են՝ կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Եվգենի Պետրոսյանը ։ «Գնդակահարության ցուցակում» Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում։ Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված «Գնդակահարության ցուցակում»՝ ժամանակի հարց է։ Այստեղ հարկ է հիշել, որ 2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով։ Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը։
Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից ։
Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևեողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները,ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին՝ ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին։ Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները Գերմանիայի ղեկավարության հասցեին։ Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ « Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ»:
Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերին «գնդակահարության ցուցակներում» ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում ։
Աղվան Պողոսյան
Փորձագետ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։