կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 15:04
Քաղաքական

Գնդակահարության հոդված էլ դրեք էդ մեղադրանքների վրա. Վարդան Այվազյանը` ընդդիմությանը

Գնդակահարության հոդված էլ դրեք էդ մեղադրանքների վրա. Վարդան Այվազյանը` ընդդիմությանը

ԱԺ նիստում քննարկվում է Սևանա լճի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է լճից տարեկան բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 70 մլն խմ-ով՝ քանակը սահմանելով 240 մլն խմ:

 

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ կառավարությունն այդ քայլին գնում է պարտադրված: «Երբ որ հարց բարձրացնենք՝ արդյոք մենք իրավունք ունե՞նք Արարատյան դաշտավայրին ջուր չտանք ոռոգման համար, իհարկե, չունենք»,- ասաց նա: Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Սևանա լճի մակարդակն այսօր ամենացածր նիշի համեմատ բարձր է 3 մ 70 սմ-ով: Փոխարենը նա մեղադրեց հարևան Թուրքիային՝ նշելով, որ այդ երկիրն անխնա օգտագործում է Արաքսի ջուրը, այնինչ միջազգային պայմանագրերով՝ Հայաստանն ու Թուրքիան պետք է հավասարաչափ օգտագործեն:

 

«Մեր հարևանները, ոչ բարով, արդեն Արաքսի վտակների վրա կառուցում են հինգերորդ ջրամբարը, և այդ հինգ ջրամբարներով 1.5 մլրդ խմ ջուր են տանելու: Այն ջուրը, որ պետք է համատեղ օգտագործեինք, Թուրքիան մեծ մասը վերցնում է»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական  մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց ընդդիմության ելույթների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, սիրուն-սիրուն խոսում են ու մեղադրում իշխանություններին Սևանի ջրի հետ կապված խնդիրներում:

 

«Ցանկացած գաղափար կարելի է սևացնել: Էս ինչ միանգամից դարձաք բնության համար պայքարի ջատագով: Սիրուն խոսքերով ու բառախաղով չէ: Գյուղացիներին ջուրը որտեղի՞ց ենք տալու, խոսում ենք արտագաղթի մասին, բայց ասում` գյուղացիներին ջուր չտանք: Էս ինչ միանգամից սկսեցիք կասկածել իշխանություններին Ադրբեջանի հետ համագործակցելու մեջ, դե միանգամից գնդակահարելու հոդվածն էլ դրեք էդ մեղադրանքների վրա: Գյուղացիներին ասենք` ջուր չկա, գնացե՞ք էս երկրից»,- ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ ընդդիմության ասած «վատ իշխանություններն» են, որ Սևանի ջրի մակարդակը հասցրել են 1960թ. մակարդակին: