կարևոր
1225 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-12-16 10:35
Աշխարհ

Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

«Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը այսօր հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը: 

Ավելի վաղ Հան Դոնգ Հունը աջակցություն էր հայտնել նախագահի իմպիչմենտին, չնայած ի սկզբանե դեմ էր և հանդես էր գալիս նրա հրաժարականի օգտին` իր կուսակցության պատգամավորներին կոչ անելով քվեարկել սեփական համոզմունքների հիման վրա։ Արդյունքում, չնայած կուսակցությունը ներքին որոշմամբ դեմ էր քվեարկել իմպիչմենտին, «Քաղաքացիական ուժի» 12 պատգամավոր հանդես են եկել Հան Դոն Հունի կոչին համապատասխան և կողմ են քվեարկել:

«Բարձրագույն գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի պատճառով նրա աշխատանքը կաթվածահար է եղել, ինչը անհնարին է դարձրել իմ` որպես կուսակցության նախագահի պարտականությունների կատարումը։ Այդ պատճառով ես հեռանում եմ նախագահի պաշտոնից... խորապես ցավում եմ այն ցավի համար, որը դուք զգացել եք իմփիչմենտի պատճառով»,-հայտարարել է Հան Դոն Հունը։

Նա հավելել է, որ բոլոր ջանքերը գործադրել է իմպիչմենտի փոխարեն երկրի համար լավագույն ուղին գտնելու համար, սակայն ձախողել է:

«Դա ամբողջովին իմ մեղքն է։ Ներեցեք ինձ», - ասել է քաղաքական գործիչը։

Հանի հրաժարականը տեղի է ունեցել հուլիսի 23-ին կայացած համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց 146 օր անց:

Նրա պաշտոնական հրաժարականից հետո «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը կկառավարի արտակարգ կոմիտեն։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը, նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ` 85-ը: Երեքը ձեռնպահ են մնացել, ութ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկել են Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները։

Խորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են, նախագահին պաշտոնանկ անելու հարցի քննարկմամբ կզբաղվի Սահմանադրական դատարանը: Դրա համար դատարանը կունենա 180 օր, մինչև վերջնական դատավճռի կայացումը պետության ղեկավարի պաշտոնակատար կդառնա երկրի վարչապետ Հան Դոկ Սուն: