կարևոր
1864 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-09 18:17
Քաղաքական

Սիրիայի նոր կառավարիչները հանդիպել են քրիստոնյա ու հայ համայնքների ներկայացուցիչների հետ, տվել անվտանգային երաշխիքներ

Սիրիայի նոր կառավարիչները հանդիպել են քրիստոնյա ու հայ համայնքների ներկայացուցիչների հետ, տվել անվտանգային երաշխիքներ

Սիրիայի կառավարման նոր պատասխանատուները հանդիպում են ունեցել Սիրիայի քրիստոնյա և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին փոխանցեց Հալեպում հրապարակվող հայկական «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ հանդիպումը լավ, դրական մթնոլորտում է ընթացել, նոր կառավարիչների ներկայացուցիչներն ասել են, որ աստիճանաբար պետք է վերագործարկվեն համագործակցության մեխանիզմները, վստահեցրել, որ հարգում են քրիստոնյաների կրոնական առանձնահատկությունները։

Քրիստոնյա և հայ առաջնորդներն ավելացրել են , որ պատրաստ են համագործակցել հանուն Սիրկայի բարելավման, հանուն Սիրիայի ապագայի։ «Տակավին ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան,թե ինչպես է կառավարությունը գործելու և գործադիր մարմինը պետք է ճշտվի, որպեսզի պետական մարմիններն ամբողջությամբ գործեն և կայնքն ավելի կառավարելի դառնա, բայց, այս պահի դրությամբ, ապահով ենք, զինյալ ներկայություն չկա, մարդիկ փողոցներում հանգիստ շրջում են, հիմա հայ համայնքի համար կարևորը ապահովության երաշխիքն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Սիրկայի հայ համայնքը տարիների փորձառություն ունի երկրի տարբեր իշխանությունների հետ գործելու։

«Տևական ներկայություն ունենք Սիրիայում, համայնքն ունի փորձառություն, ձեռք- ձեռքի տալով, տարբեր իշխանությունների հետ հանուն Սիրիայի պետության պահպանման աշխատելու, մեզ համար կարևոր է, որ պահպանված լինեն համայնքի իրավունքներն ու ապահովությունը, հարգեն հայերի կրոնական ու ազգային մշակութային առանձնահատկությունները», - ասաց Զարմիկ Պողիկյանը։

Ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա Պողիկյանն ասաց, որ էլեկտրաէներգիան դեռեւս մատակարարվում է գրաֆիկով՝ օրը մի քանի ժամով, ցուրտ է, ունեն ջեռուցման խնդիր, բայց նաեւ աստիճանաբար ակտիվություն է նկատվում, մարդիկ իրենց խանութներն ու գրասենյակները սկսում են բացել։

Աղբյուր` Փաստինֆո