Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիրները հաճախ են նշում, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Վերջերս նման հայտարարություն արեց անգամ Փաստաբանների պալատի նախագահը: Այսօր վարչապետի մեծ ասուլիսի ժամանակ Yerkir.am-ը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող է ասել դրա վերաբերյալ: Ենթադրել կարելի է, որ, ըստ վարչապետի, հակասահմանադրական որեւէ կետ չկա: Տիգրան Սարգսյանը նման բան, որքան էլ զարմանալի է, չհայտարարեց:
«Արդեն մի քանի ժամ է` շփվում ենք, և կարծում եմ` դուք չեք կասկածում, որ բավարար տեղեկատվություն ունեմ և կարողանում եմ ձեր պահանջները բավարարել, այդ թվում` նաև կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչների վերաբերյալ: Բայց կոռեկտությունը պետք է պահպանել, ճիշտ չէ, որ վարչապետը դուրս գա գործադիր իշխանության լիազորությունների շրջանակներից, ճիշտ կլինի որոշ հարցերի պատասխաններ թողնենք համապատասխան ատյաններին: Պատշաճ չէ իմ կողմից պատասխան տալ` սահմանադրական է, թե` ոչ: Այդ մասին կասի Սահմանադրական դատարանը: Լցվեք համբերությամբ և կստանաք ձեր հարցի պատասխանը»,- ասաց վարչապետը:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք՞ հնարավոր է, որ կենսաթոշակային միջոցների երկու կառավարիչները ինչ-որ թելերով կապված լինեն այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Տիգրան Սարգսանը կտրականապես հերքեց: «Մեծ երջանկություն կլիներ, եթե երեք A ռեյտինգ ունեցող կորպորացիաները փոխկապակցված լինեին մեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ցավոք, այդպիսի վտանգավոր երեւույթներ ՀՀ-ում չկան, կան ուրիշ վտանգավոր երեւույթներ: Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել, հակառակ դեպքում` երեք A ռեյտինգ ունեցող ընկերությունները կկորցնեն իրենց ռեյտինգը, իսկ դա այն գործիքն է, որի շնորհիվ վաստակում են իրենց գումարները, դա նրանց սրբությունն է: Նման ռիսկեր, փառք Աստծո, չկան»,- պատասխանեց վարչապետը: