Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սիրայում տեղի ունեցած «իշխանափոխությունից» 7 օր անց, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, տևական դադարից հետո, առաջին անգամ ղողանջել են Սիրիայում գտնվող հայկական եկեղեցիների զանգերը: Սիրիայում կյանքը դանդաղ ու փոքր քայլերով վերականգնվում է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Նա նկատեց՝ թեև Սիրիայում դեռևս անորոշությունը շարունակվում է, բայց այնուամենայնիվ մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
«Այսօրվանից դպրոցներում դասընթացները վերականգնվել են: Կապվեցի հայկական դպրոցների ղեկավարների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է իրենց մոտ, նորմա՞լ են ընթանում դասերը: Ինձ տեղեկացրին, որ վարժարաններում բացականեր գրեթե չեն եղել, դասերն առանց խնդիրների են անցել, ուսուցիչները կամ մնացած աշխատողները, առանց բացառությունների, աշխատանքի են ներկայացել»,- ասաց Պողիկյանը:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագրի խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները հանդիպումներ են սկսել տեղի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ: Իշխանությունները եկեղեցականներին հորդորում են՝ շարունակել եկեղեցական կյանքը, աղոթքներն ու պատարագներն այնպես, ինչպես նախկինում:
«Երեկ մեր բոլոր եկեղեցիները բացվեցին, արարողություններ տեղի ունեցան: Իշխանությունները դրական են տրամադրված քրիստոնյաների դեմ, քաղաքում էլ տոնածառ դնելուն դրական են վերաբերվում: Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց կյանքին վերադառնալ, որովհետև անցումային իրավիճակը շարունակվում է, իսկ մենք պիտի փորձենք հանդարտորեն անցնել այս ճանապարհը»:
Պողիկյանը նաև տեղեկացրեց, որ Սիրիայում այս պահին տնտեսական տագնապը շարունակվում է: Չանայած տատանվող ու անորոշ դրությանը, շատ մարդիկ շարունակում են տանը մնալ, աշխատատեղիներից շատերը դեռևս չեն վերաբացվել:
«Այնուամենայնիվ, մինչև հիմա, քաղաքում կարգ ու կանոն չի հաստատվել: Տնտեսական կայքնի անիվը դեռևս իր ընթացքով չի շարժվում: Հալեպում սուղ պայմաններ են: Հիմա մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անել»:
Բացի այդ, Պողիկյանն ընդգծեց՝ նոր իշխանությունները հորդորում են՝ ասելով՝ իրար օգնելով, ձեռք ձեռքի տված, պիտի անցնենք այս բարդ իրավիճակի միջով, որպեսզի երկիրը դուրս գա ծանր վիճակից:
«Հայ համայնքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել երկրի իշխանություններին: Խնդրել են, որ իրենց անվտանգության երաշխիքներ տրամադրվեն: Այս իմաստով երաշխիքներ տրամադրվել են: Հայ համայնքն էլ իր հերթին պիտի օգնության ձեռք մեկնի, որպեսզի կարգավորվի կյաքնը»,- շեշտեց նա:
Հալեպի փողոցներում զինյալներ այլևս չկան. հաստատեց Պողիկյանը: Իսկ թե որքանո՞վ են մարդիկ ցանկանում թեկուզ որոշ ժամանակով տեղափոխել մայր հայրենիք՝ Հայաստան, Պողիկյանը տեղեկություն չունի: Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք ցանկանում են դուրս գալ Սիրիայից, բայց թե քանի՞ հոգի՝ ինքը չգիտի:
Սիլվի Մուրադյան