կարևոր
322 դիտում, 12 ժամ առաջ - 2024-12-04 17:40
Իրավական

Ձեր հաշվին էդքան գումար չի եղել, Նարեկ անունով անձ էլ գործի շրջանակում չկա․ Սուրեն Մանուկյանը՝ իրեն մեղադրող Վաչիկ Քոքոբելյանին

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում  ընթանում է Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանն այս փուլում լսում է վկաներին։ Գործով անցնող 3 վկա պատասխանեցին հանրային մեղադրողների և փաստաբանների հարցերին,  նրանց թվում էր՝ գործով տուժող ճանաչված Գրիշա Քոքոբելյանի որդին՝ Վաչիկ Քոքոբելյանը։ 
 

«Հարգելի վկա, այս քրեական գործն անցնելու է, այս վարույթը դառնալու է պատմություն, էս մարդիկ ազատվելու են միջդատական կալանքից, Դուք առանձնապես ծանր հանցագործության  մեջ եք մարդկանց մեղադրում շորթման համար։ Որպե պաշտպան ուզում եմ ճշտել՝  Դուք այս առերևույթ շորթողներց ո՞ր մեկին, ե՞րբ և ինչքա՞ն գումար եք փոխանցել,  և ո՞ւր է այդ փոխանցման մասին հաստատող փաստաթուղթը՝ կտրոնը»,- վկա Վաչիկ Քոքոբելյանից հետաքրքրվեց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։  Ի պատասխան՝ Քոքոբելյանն արձագանքեց․ «գրավոր դիմեք՝ կտրամադրենք, էս պահին հետս չի»։
 

Այդուհետ վկային հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց Սուրեն Մանուկյանին, ով արձագանքելով Վաչիկ Քոքոբելյանի  ցուցմունքին, թե՝ իր հաշվից է գումարը փոխանցել, նշեց․

«Ճշտել եմ, Ձեր հաշվին էդքան գումար չի եղել, Նարեկ անունով անձ էլ գործի շրջանակում չկա»,-ասաց Սուրեն Մանուկյանը՝ Քոքոբելյանին։

Այդուհետ Yerkir.am-ի հետ զրույցում Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը մանրամասնելով՝ նշեց․ «Վաչիկ Քոքոբելյանն այն անձն է, ով ասում է իբրև թե շորթման դիմաց գումարն ինքն է փոխանցել։ Վաչիկ Քոքոբելյանից փորձեցինք փաստաթղթային մի հիմք ստանալ, որ իրոք ինքը Գրիշա Քոքոբելյանի ազատության դիմաց գումար է փոխանցել, և խնդրեցինք մեզ  տրամնադրել անդորագիրը, բայց այդպես էլ այդ անդորագիրը չտեսանք։ Հետևաբար՝ այս բոլոր չփարատված կասկածները մեզ մոտ այդպես էլ մնացին չփարատված, որի լուծման իրավաբանական մեխանիզմը հետևյալն է՝ գնահատել հօգուտ մեղադրյալի։ Դատարանը կգնահատի, թե՝ ոչ, չգիտենք, բայց, հաջորդ էական փուլն այն էր, որ Սուրեն Մանուկյանն իրավաբանորեն հիմնավորված միջնորդություն ներկաացրեց, որպեսզի իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվի այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով»,-ասաց փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։

Հարցին, թե ինչ ընթացք տվեց դատարանը ներկայացված միջնորդությանը, Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանն նշեց․

«Սուրեն Մանուկյանը դիմելով դատարանին ասաց՝ իմ նկատմամբ խափանման միջոց կալանքով հիմնավորում եք, որ հնարավոր է վկաների վրա ազդեցություն գործադրեմ, բայց հետազոտեցիք արտավարույթային փաստաթղթեր, հարցաքննեցիք վկաների, տեսաք, որ ես որևէ մեկի նկատմամբ որևէ ձևով ազդելու ո՛չ կարիք ունեմ, ո՛չ փորձ եմ արել, ո՛չ էլ ուզում եմ, ուստի իմ նկատմամբ խափանման միջոցը փոխեք, ավելի մեղմ փափանման միջոց կիրառեք․․․ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը մինչև մյուս վկաների հարցաքննության ավարտը»,-ասաց Ռաֆիկ Մելքոնյանը։

Ի դեպ հաջորդ դատական նիստը դատարանընշանակեց դեկտեբերի 11-ին, ժամը՝ 14։00։

Նշենք, որ դեռեւս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը իբրև առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Սակայն Սուրեն Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, և մինչ այս պահը դատական որևէ փուլում չի հիմնավորվել Սուրեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը։

Հերմինե Զեյնալյան