կարևոր
17566 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 14:57
Իրավական

Թույլ մի՛ տվեք՝ պատերի հետևից ձեր դեմքով որոշումներ կայացնեն. Սուրեն Մանուկյանը՝ դատավորին

Ձեզ թվում է՝ պատահական էր, որ Ձեզանից առաջ մակագրված դատավորները տարբեր պատճառաբանությամբ հրաժարվեցին այս գործից: Երբեք չկարծեք, որ նրանք Ձեզանից ավելի քիչ համարձակություն կամ աշխատանքային փորձ ունեին, և ավելի քիչ էին հասկանում, քան Դուք, թե ինչ է կատարվում: Դուք Ձեր որոշումներով ինձ մեծ վատություն եք անում, բայց այսպես շարունակելու դեպքում՝ Դուք շատ ավելի մեծ վատություն կանեք Ձեր իսկ նկատմամբ, իսկ թե ինչ վատություն՝ ես մանրամասն ցույց կտամ դատական նիստերին. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում  ներկայացրած ծավալուն խոսքում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր  Սուրեն Մանուկյանը։

«Կարծում եմ՝ նման արդարադատության պայմաններում ավելի ճիշտ կլինի միանգամից պատժաչափս որոշեք և հրապարակեք», - նշեց նախկին պատգամավորը: Դատավոր Սերժ Ռուշանյանն անընդհատ ընդհատում էր Սուրեն Մանուկյանին:   

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։

Տես նաև՝ Դատավարությունն իրականացվում է կողմնակալ վերաբերմունքով․ Սուրեն Մանուկյան