Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամ, Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը՝ ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում:
«Հավանաբար իշխանությունը երեկ գիշերային իր այդ ժամադրությունից դատելով, կրկին շարունակում է հետամուտ լինել իր հեղափոխական քայլերին, իսկ հեղափոխությունները բերում են դժբախտություն, կործանում: Մենք հիմա համոզվում ենք, որ կործանման թիրախ է ընտրվել ՍԴ-ն: Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի եւ միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել այս իշխանությանը: Դա է ճանապարհը, մենք այդ ճանապարհն ենք տեսնում, եւ դա է պատճառը, որ եկել ենք այստեղ մեր բարոյական ու քաղաքական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին: Իսկ ՍԴ-ն բոլորինս է, ուրեմն պաշտպանել ՍԴ-ն նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»,-հայտարարեց Արա Սահակյանը:
Նա նշեց, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելումը դիտավորություն է․ «Դա շատ նման է արտակարգ դրությանը, որ 1988-ից սկսած Կրեմլը հայտարարում էր ղարաբաղյան շարժման դեմ, բայց արդյունքում Կենտրոնը կործանվեց, իսկ շարժումը հաղթեց»:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխություններով ՍԴ ճգնաժամը լուծվում է, Արա Սահակյանն ասաց. «Ես այդպիսի անուն, ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ կա այդ անուն ազգանունով մի դասալիք, գործալիք: Սովորական մի բանվորը, բժիշկը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելուց հետո վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, ուտում է ձեր փողերը աշխատավարձի տեսքով: Նա որևէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»:
Արա Սահակյանն ասաց, որ Սահմանադրությունը փոփոխվել է խախտելով Սահմանադրության պահանջը առ այն, որ այդ փոփոխությունները նախ պետք է ստանան ՍԴ կարծիքը. «Գործադիր և օրենսդիր երկգլխանի հիդրան, որը կոչվում է ներքին իշխանություն, ոտնահարել է այդ պահանջը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկու ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ավելի քան 12 տարի պաշտոնավարած անդամներին: Դրանից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները հայտարարեցին, որ այս նախաձեռնությանը կմիանան հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ՍԴ-ում լսումներից հետո: Երեկ Քոչարյանի փաստաբանները դիմում ներկայացրին՝ նրա գործը ՍԴ-ից հետ վեցնելու պահանջով, որպեսզի դա չշահարկվի ԱԺ ընդունած օրենքի համատեքստում, բայց ԼՀԿ-ն մնաց նախկին կարծիքին։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմումն ուղարկվեց առանց ԼՀԿ խմբակցության ձայների անհրաժեշտության։ «Իմ քայլի» պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում փորձում են անհամաձայնություն հայտնել՝ թե 26 պատգամավորի ձայնը բավարար է, ասում են՝ 27-ն է անհրաժեշտ։
Մանրամասն՝ տեսանյութում․