Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«…Կա՛նգ առէք այդ պաշտելի շիրիմների առջեւ, մտէ’ք այդ վեհ պանթէոնը, ուր ամփոփւած են մեր թանկագին մեռելները, մեր նորագոյն պատմութեան զարդն ու պարծանքը…»
Հայոց բազմաբնոյթ ու փրկարար յեղափոխութեան պատմութեանը քաջագիտակ, ՀՅԴ գործիչ-տեսաբան Միքայէլ Վարանդեանի դեռեւս 1910 թ. գրի առած, բայց ինչպէս միշտ արդիական ասոյթն է ՝ սիւնակիս ենթավերնագիր-բնաբանը։ Դա յատկապէս համահունչ է հայաշխարհի մերօրեայ հոլովոյթում բարձրաձայնւող այն յորդոր-բացականչութիւններին, որոնցով կարեւորւում է ազգի՝ սեփական «Պատմական յիշողութեան»-ը կառչելու հրամայականը։
Եւ այսպէս՝ վերջերս թեհրանահայ աւանդապահ համայնքի ստւարաթիւ անդամներ «կա՜ նգ առան պաշտելի շիրիմների առջեւ» ու իրենց յարգանքի տուրքը մատուցեցին ընդհանրապէս հայութեան ու մասնաւորապէս իրանահայ 20-րդ դարասկզբի պատմութեան «թանկագին մեռելներին…»։
ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՒԱՐԱՅՐԸ
Թեհրանի հայոց հին գերեզմանատան պանթէոնում իր յաւիտենական նինջով ամփոփւած է իրանահայ կամաւորական, զօրավար Անդրանիկի գնդի վաշտապետ Ասլան Ստեփանեանը։ Նա շատ արժէքաւոր ու բացառիկ յուշեր ունի պատմած՝ զօր. Անդրանիկի եւ զօր. Նազարբէգեանի հրամանատարութեամբ 1915 թ. ապրիլին Դիլմանի ( ներկայիս Սալմաստի եւ նոյնինքն Աւարայրի շրջան) հռչակաւոր ճակատամարտի վերաբերեալ։ Ուշագրաւը, սակայն, այն, որ Վաշտապետ Ասլան Ստեփանեանի յուշերի գրի առնողն է եղել նոյն պանթէոնում խաղաղութեամբ ննջած, ազգային-հասարակական ու մշակութային ծանրակշիռ գործիչ Հայկ Աճէմեանը՝ Ատրպատականի պատմութեան հերոսական բազմաբնոյթ դրւագների ականատես-վկայագիրը…։
Իսկ Դիլմանի (կամ՝ մեր երկրորդ Աւարայրի) փառայեղ ճակատամարտի արդիւնքում հայոց զօրագունդը ջախջախեց Ատրպատական ներխուժած օսմանական բանակի հրամանատար Խալիլ բէյի կորպուսը, որն մտադիր էր հասնել Վան՝ Ջեւդեթ փաշային միանալ-օգնելու՝ հայոց հերթական կոտորածների համար։ Այդ ծրագիրը հիմնովին ձախողւեց ու փաստօրէն Վանը ազատւեց նոր արհաւիրքից՝ ի շնորհիւ Դիլմանի հզօր սխրանքի։
ՈՒՐՄԻԱՅԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԸ
Ահաւասիկ, «պատմական յիշողութեան» ըստ ամենայնի օրինաչափ եղելոյթ է նաեւ ու մանաւանդ 1918 թ. Ուրմիայի հերոսական գոյամարտը, որը եւս պսակւեց հերթական անգամ Ատրպատական ներթափանցած թուրքական բանակի աջ թեւի պարտութեամբ։
«Այս հերոսամարտի մասին,- գրել է Անդրէ Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած։ Նրա կարեւորութիւնը, սակայն, առանձնայատուկ է՝ հետեւեալ նկատառումներով.-
1. Թուրքական արշաւող բանակի աջ թեւի յառաջխաղացումը դանդաղում է ամիսներ շարունակ, որը կատարւում էր Ատրպատականի վրայով։
2. Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեանը, որպէսզի ինքնապաշտպանութեան միջոցների դիմել՝ արդիւնաւորելու համար Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերը։
3. Թուրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը…»։
Եւ ի զուր չէ, որ օսմանական բանակի աջ թեւի հրամանատար Ալի Իհսան փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»։
Ահա, ինչպէս տւեալ դէպքում՝ իրանահայութեան համար, այնպէս էլ առհասարակ ողջ հայութեան համար արժեւորման եւ օրինաչափութեան ցուցանիշներ են կարող լինել Պատմական յիշողութեան խրախուսիչ ու տայ Աստւած՝ վարակիչ դրւագները, որոնք անտարակուսօրէն ի զօրու են ուղենշել յատկապէս մերօրեայ ազգային, թէ’ պետական բարդագոյն մարտահրաւէրների արժանապատիւ դիմագրաւման ելքերը…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու