Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանի հոդվածը․
Անցնող շաբաթների ընթացքում սփիւռքահայ բազմաթիւ ազգային-հասարակական կառոյցներ ինչպէսեւ՝ քաղաքական կուսակցութիւններ հայաստանեան յետպատերազմական ճգնաժամային իրավիճակի առնչութեամբ հանդէս եկան պաշտօնական կոչ-յայտարարութիւններով, որոնցում գերազանցապէս առաջարկւում-պահանջւում էր վարչապետի եւ նրա գլխաւորած իշխանախմբի հրաժարականը: Այս իրողութեանը զուգահեռ, ահա, լրատւութիւն է տարածւում, թէ Հայաստանի իշխանախումբը մտահոգւած այդ կոչ-յայտարարութիւններից, սփիւռքեան երկրներում աշխատող դեսպանութիւններին հրահանգել է տւեալ երկրներում առկայ հայ համայնքներին համոզել, որպէսզի զերծ մնան նմանօրինակ դիրքորոշումներից ու դրանք բարձրաձայնել-հրապարակելուց:
Անկախ նրանից, թէ որքանով է այս լրատւութիւնը համապատասխանում իրականութեանը, փաստը մնում է այն, որ Հայաստանի իշխանախմբի վերը նշւած մտահոգութիւնները եթէ ոչ-պատկան դեսպանութիւնների, ապա տւեալ համայնքներում (ներառեալ իրանահայ համայնքը) առգոյ որոշակի երկրպագու տարրերի կողմից շրջանառութեան մէջ են դրւում:
Մեր խնդիրը, սակայն, այդ երկրպագուների առկայութիւնը կամ թեր ու դէմ եւ ձեռնպահ կեցւածքն ու դիրքորոշումը չէ, այլ տւեալ դէպքում դիրքորոշման այն «հիմնաւորմանը», որով պնդելով-պնդում են, թէ «Սփիւռքը չպէտք է միջամտի հայաստանեան ներքաղաքական հարցերին…»:
Պարոնա՜յք մտահոգւողներ, հարկ չկայ նոյն նժարի վրայ դնել զուտ ներքաղաքական հարցերը՝ համահայկական, համազգային ընդհանրական հարցերի հետ:
Սփիւռքն ու սփիւռքահայը ոչ միայն իրաւունք ու իրաւասութիւն, այլեւ մանաւանդ բարոյական, ազգային, քաղաքական անբեկանելի պարտաւորութիւն ունեն մտահոգւելու եւ նոյն մտահոգութիւնը փարատելու համար մինչեւ իսկ միջամուխ լինելու (անուղղակիօրէն անշուշտ) ներհայաստանեան խնդիրներին, յատկապէս երբ դրանք կրում են՝
– ոչ թէ իշխանական այլ՝ պետական այն էլ անվտանգային,
– ոչ թէ ՀՀ ներքին սոցիալ-քաղաքական, այլ համազգային,
– ոչ թէ լոկ ՀՀ քաղաքացու, այլեւ համահայկական նշանակութեամբ ողջ հայութեան ազգային արժանապատւութեան մակարդակ ու տարողութիւն…
Հէնց այդ հիմքերից է բխում 8 միլիոնանոց Սփիւռքը, երբ միեւնոյն Հայաստանի շահերից ելած՝ աշխարհով մէկ յօգուտ ՀՀ արտաքին քաղաքականութեան լաբբինգ անում, դրամահաւաք ու թելեթոն կազմակերպում եւ որ թարմագոյն օրինակն է՝ եւրոպական մայրուղիներ է փակում՝ ի շահ Հայաստանի ու Արցախի պատերազմական ողջ ժամանակաշրջանում:
Այնպէս որ յարգելի մտահոգներ, հարկ չկայ «մտահոգւելու» սփիւռքեան կառոյցների՝ «Հայաստանի ներքին հարցերում միջամտելուց»…:
Խորհուրդ կը տայինք նախեւառաջ մտահոգւէք (թէեւ շատ ուշացած) արդէն 2.5 տարի ու դեռ դրանից տարիներ առաջ Հայաստան երկիր ներխուժած ու ներքին բոլոր մակարդակների կարգուսարքը թունաւորած սորոսական միջամտութիւններից, որոնց արդիւնքում ահաւասիկ, հայրենի երկիրը կանգնած է կործանման անդունդին…: