կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 14:47
Քաղաքական

Լռութեան ձայնը... Դերենիկ Մելիքյան

Լռութեան ձայնը... Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի  գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

Սրանից շուրջ երեք տարի առաջ պատիւ ու երջանկութիւնն ունեցանք Երեւանի Պետ. համալսարանի պատմութեան ամբիոնում վայելելու հայկական Շուշին ազատագրող լեգենդար Արկադի Տէր-Թադէոսեանի (Կոմանդոս) խրախուսիչ -խթանիչ ներկայութիւնը: Նա հրաւիրւել էր ամբիոն՝ երիտասարդ ուսանողների համար ռազմա-հայրենասիրական դրւագների մասին դասախօսութիւն կարդալու նպատակով… կողքից՝ հիւրաբար ներկաներիս համար ամենացայտունը՝ Կոմանդոսի իւրայատուկ եւ ըստ էութեան համեստ պահւածքն էր, որից եւս տպաւորւում էին ուսանողները՝  ապագայի պատմութեանը անաչառ գնահատական տւողները: Գեներալը ամօթխածութեամբ ու կրկնակի համեստութեամբ եւ որ կարեւոր է՝ անմեղ մանկան պէս լուռ՝ «ընդունում էր» ամբիոնում հաւաքւածների գովեստի խօսքերն ու տեղ-տեղ շռայլանքները…:

.…Կոմանդոսը սեպտեմբերի 27-ից սկսեալ Հայրենի երկրում աննախադէպ իրադարձութիւնների հանդէպ պահում է տեւական ԼՌՈՒԹԻՒՆ, որի զգալի բացը դարձեալ փոխարինում է իր ինքնատիպ, բայց աղաղակող համեստութեամբ…:

Վազգէն Սարգսեանների, Զօրի Բալայեանների ու Արաբօ ջոկատների հետ «Հարսանիք լեռներում օպերացիայով» Շուշին ազատագրած «ԼՌԱԿԵԱՑ» լեգենդարը այսօր իր պաշտած լեռներում սգահանդէսների է ականատես…

.…Երէկ, երիցս սրբապղծւեց հայկական Շուշիի անլռելի ղօղանջների զանգակատունը՝ Ղազանչեցոցը, ի տես բորենի ու հայակեր ալիեւներին նւիրաբերւած Շուշի «յաղթական» այցելութեան:

Հայկական Շուշին միշտ մնացել ու մնալու է անառիկ, առաւել եւս, երբ այն նւիրաբերւում է ազգին թիկունքից դաշունահարած եւ այլեւս իւրային չհամարւողների կողմից:

Իսկ «ԼՌԱԿԵԱՑ» կոմանդոսների եւ նրանց միջոցով ազատագրւած զանգակատան ղօղանջները ուշ կամ շուտ վերստին նորանոր «Հարսանիք լեռներում»-ի յաղթանակն են աւետելու ի փառս հայոց յաւերժական Հայրենիքի…: