կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 17:37
Քաղաքական

Շաքարաջուրը հիշողությանը լավ է, վարչապե՛տ ջան

Շաքարաջուրը հիշողությանը լավ է, վարչապե՛տ ջան

Հիշու՞մ եք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին: Այն Փաշինյանին, ով Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում էր իշխանություններին`  ապրանքների թանկացմանը տրված պատճառաբանությունների համար, ասելով.  «Կարագը թանկացել ա, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ ա եղել որ, գառան մսի տեղը, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք` ինչ օգտակար ա»:

Ինչպես արդեն նշեցինք, սա ժողովրդի շահերից խոսող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթն էր:

Մեջբերենք արդեն վարչապետի կարգավիճակ ունեցող մերօրյա Փաշինյանի ելույթից հատված. «Որոշ ապրանքների, որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել»: Նա փասում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասածը, որ որոշ պարենային ապրանքներ թանկացել են, և, մենք` սպառողներս,  կարող ենք օրինակ՝ ոսպին փոխարինողներ գտնել: Երևի, Խաչատրյանը Փաշինյանի ժամանակին արված հեգնական հումորը լուրջ է ընդունել:

Նույն Փաշինյանը հեղափոխության օրերին ոգևորված հայտարարում էր, որ հայ ժողովուրդը գերության մեջ է, «ճկռում» է բանկային վարկերի տակ, ժամկետանցների տույժ-տունգանքները պետք է զրոյացվեն` առանց բացառության: Վարչապետ Փաշինյանը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի`  վարկային արձակուրդ տրամադրելու մասին նախագծի առիթով հայտարարեց. «Է, չեմ հասկանում, ձե՞ռք եք առնում: Ես ուղիղ ասում եմ, որ դեմ եմ այդ նախագծին»:

2018 թվականին Փաշինյանն ասաց, որ անհատ տաքսու վարորդները կարող են աշխատել առանց որևէ վճար կատարելու, այսինքն` առանց լիցենզիայի: Երկու տարի անց` 2020 թ., նույն Փաշինյանը, հայտարարեց, որ յուրաքանչյուր տաքսի վարող պարտավոր է լիցենզիա ունենալ, հետևաբար, ով չունի լիցենզիա, նա, փաստացի, չի զբաղվում այդ գործով:

Իսկ պարգևավճաների մասով խոսելն անիմաստ է, քանի որ անհարկի գումարների վատման դեմ պայքարող Փաշինյանը այժմ ղեկավարում է այդ «ինստիտուտը»:

Ի՞նչը փոխեց ժողովրդի շահերի պաշտպան Փաշինյանին՝ դժվար է ասել: Միգուցե ոչինչ էլ չի փոխվել, պարզապես նրա մշակած պլանն էր՝ ժողովրդի խնդիրների շահարկմամբ հասնել իշխանության: 

Ամեն դեպքում, պարո՛ն վարչապետ, ժողովրդի հետ արդար եղեք, տե՛ր կանգնեք Ձեր խոստումներին:

Ձեզ մերժելը խաղուպար է Սերժ Սարգսյանին մերժած այս ժողովրդի համար. ժամանակի հարց է:

Ասում են` շաքարաջուրը հիշողությանը լավ է: Սա ի գիտություն, վարչապետ ջան: Իսկ եթե քաղցր չեք սիրում, YouTube-ում Ձեր բոլոր խրոխտ ելույթները կան, հղումներ ուղարկելը` իմ վրա:


Իշխան Թովմասյան