կարևոր
2467 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-15 13:24
Քաղաքական

Համազգային վտանգի համացանցային դիմագրավումը․ Դերենիկ Մելիքյան

Համազգային վտանգի համացանցային դիմագրավումը․ Դերենիկ Մելիքյան

Ծանօթ եմ ու նաեւ հաղորդակից «Վատսափ»-ային բաւականին ստւար թւի անդամներով կազմւած խմբի (ԳՐՈՒՊ)։

Խումբը համալրւած է Իրանահայ հինաւուրց համայնքում վերջին տասնամեակներում իրենց իսկ ոլորտում ազնիւ ու արժէքաւոր ներդրում ունեցած՝ կրթական ու արւեստի վաստակաւոր մշակներով, հասարակական, ազգային-միութենական ինչպէս նաեւ  քաղաքական ու լրագրողական ասպարէզներին իրենց անկեղծ ծառայութիւնները մատուցած անհատներով...

Մօտաւորապէս մէկամեայ «գործունէութիւն» ունեցող խմբի անդամներին մտահոգող գլխաւոր ու առանցքային քննարկումներն ընդգրկում են Արցախի, Հայաստանի եւ մէկ խօսքով՝ համազգային տարողութեամբ հայ ազգին (թէ՛ Հայրենական, եւ թէ՛ Սփիւռքեան) ու Հայոց Հայրենիքին սպառնացող ներուժ ու ներգործուն վտանգներին առնչւող ամենօրեայ զարգացումներն ու դրանց մասին ամենատարբեր լրատւութիւնները։

Ճշգրտօրէն չգիտեմ, բայց վստահօրէն կարելի է ասել, որ հայաշխարհում եթէ ոչ հազարաւոր, ապա հաստատօրէն հարիւրաւոր նմանատիպ քննարկումային «վիրտուալ» խմբեր ու «գրուպ»-ներ են ձեւաւորւել։ Դեռ չխօսենք անհատական ու անձնական, բայց համացանցային հարիւր հազարաւորների հասնող մտահոգւողների այն վիթխարի ԲԱՆԱԿ-ի մասին, որի լոկ լրատւային բազայի, որպէս հարուստ շտեմարանի, կազմակերպ ուղղորդմամբ ու նպատակային օգտագործմամբ, անշուշտ հնարաւոր է լինելու համազգային մերօրեայ մտահոգութիւնների վերաբերեալ համացանցային ներկայիս ցաքուցրիւ  եւ ինչ-որ տեղ  ինքնանպատակ կացութիւնները վերածել համաժողովրդական ազդեցիկ ցասման այնպիսի իրավիճակի, որով էլ հնարաւոր է լինելու դիմագրաւել վերոգրեալ համընդհանուր վտանգները՝ ըստ ամենայնի։

Սա նոյնպէս կարող է  թափ հաղորդել այն   պայքարին, որը նպատակադրւած է մեղմ ասած՝ զգաստացնելու եւ ուշքի բերելու այն իշխանատենչներին, որոնք միեւնոյն իշխանութեան սիրոյն պատրաստ են ամէն կարգի ազգադաւ զիջումների՝ մեզ ու մեր Հայրենիքը կործանելու նպատակադրած թշնամիների առջեւ...

 

 

«ԱԼԻՔ» օրաթերթի նախկին խմբագիր

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԻՐԱՆ