կարևոր
292 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-28 14:09
Աշխարհ

Հայտնի է՝ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները երբ տեղի կունենան

Հայտնի է՝ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները երբ տեղի կունենան

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 15-ին: Որոշումն ընդունվել է Հանրապետության խորհրդարանի նիստում։

Քվեարկության օրվանից երկու ամիս առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է նախագահի թեկնածուներ առաջադրելու նախաձեռնող խմբերի գրանցումը։

«Թեկնածուների առաջադրումն ավարտվում է քվեարկության օրվանից 40 օր առաջ, այսինքն՝ մեր ընտրողներն ու կուսակցությունները 20 օր ունեն գրանցվելու և թեկնածուներ առաջադրելու համար։ Նախաձեռնող խմբերն ու կուսակցությունները փաստաթղթեր ներկայացնելու պահից ԿԸՀ-ն կունենա 10 օր՝ թեկնածուի գրանցման փաստաթղթերն ուսումնասիրելու համար։ Նախագահի թեկնածուների գրանցումն ավարտվում է քվեարկության օրվանից մեկ ամիս առաջ»,- ընդգծել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

ԿԸՀ նախագահի խոսքով թեկնածուները նույնպես պետք է հայտարարություն գրեն, որ համաձայն են իրենց թեկնածությունն առաջադրել: Դա վերաբերում է նախագահի թեկնածուին եւ փոխնախագահի թեկնածուին։ Փաստաթղթերի ցանկում տեղեկություններ կան նաև թեկնածուի եկամտի չափի և աղբյուրի, նրան և նրա ընտանիքին պատկանող գույքի մասին։

Նշենք, որ նախագահի թեկնածուների համար մեկ այլ անհրաժեշտ պայման է լեզվաբանական հանձնաժողով անցնելը, որը կորոշի պետական ​​աբխազերեն լեզվի իմացության մակարդակը։

«Այն պահից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի վերջնական փաստաթուղթը, որ կոնկրետ թեկնածու է ընտրվել, նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա 30 օրվա ընթացքում»,- տեղեկացրել է Դմիտրի Մարշանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա Ռուսաստանին բնակարանաշինություն սկսել Աբխազիայում։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճի և սպառնալիք կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:

Արդյունքում որոշեցին այդ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ, ինչին ի արձագանք ցուցարարները հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը և սկսեցին անկարգությունները, ձվեր ու պլաստիկ շշեր սկսեցին նետել անվտանգության ուժերի վրա կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: