կարևոր
496 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 14:41
Քաղաքական

ՀՀ «սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի, դա կոչվում է պետական հեղաշրջում և քրեորեն պատժելի է․ Օրբելյան

« «Հայաստանի Սահմանադրական դատարան» անվանումը կրող մարմինը որոշում է  ընդունել, որ ՀՀ Անկախության հռչակագիրը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության մաս և չի գործում որպես գործող իրավական ակտ։ Ուզում եք ասել՝ կարո՞ղ էր, չէ՛ր կարող, լավ է արել, վատ է արել, դա արդեն օբյեկտիվ իրականություն է։ Արդյո՞ք իրավունք ուներ նման որոշում կայացնելու, արդյո՞ք  կայացրած որոշումն իրավաչափ է։ Այստեղ է խնդիրը։ Իմ կարծիքով, պատասխանը ոչ է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ որ Հայաստանի «սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, այդ որոշումն ընդունելու հնարավորությունը չունի։  Դա կոչվում է պետական հեղաշրջում, ինչը քրեորեն պատժելի արարք է՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածներով, որը պետք է արժանանա համապատասխան արձագանքի»,- ԱԺ-ում  «Հայստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը։

«Մենք պետք է խոսենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, այլ ոչ թե ասենք՝ սահմանադրական կարգը  չի տապալվել, որովհետև ոչ մեկ չի կարող դա տապալել։ Փորձ է արվում, դեռևս 2018 թվականի աշնանից, իրականացնել, ցավոք սրտի հաջողությամբ, պետական հեղաշրջում. սկզբում ԱԺ գրավում, հետո դատարանների գրավում, հետո Սահմանադրական դատարանի գրավում 2020 թվականի փոփոխություններով, հիմա փորձ է արվում խարխլել  սահմանադրական հիմքերը, այսինքն վերացնել Անկախության հռչակագիրը, հետո փորձ է արվելու վերացնել Սահմանադրությունը, հետո փորձ է արվելու՝ ասել, շատ դժվար ժամանակներում ենք ապրում, հետևաբար վարչապետին պետք է տալ արտակարգ լիազորություններ... Աշխարհը նման փորձ ունեցել է 1933 թվականին։ Ուղղակի որտեղ 33 թվականին այդ փորձը եղել է, պետությունը եղել է մեծ, ուժեղ, հզոր, հարևանների համար է եղել   վնասակար։ 

Մեզ մոտ այդ փորձն արվում է դրածո իշխանությունների կողմից, դա վնասակար ու վտանգավոր է հայ ազգի ու Հայաստանի համար»,- ասաց Արամ  Օրբելյանը։ 
 

Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության  հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
 

Մանրամասն՝ տեսանյութում։