կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 19:27
Առանց Կատեգորիա

Հիմարությունն, ավաղ, քրեորեն պատժելի չէ

Հիմարությունն, ավաղ, քրեորեն պատժելի չէ

1978-ին տեղափոխվեցինք մեր նոր տունը, որը գտնվում էր Ռաֆայել Իսրայելյան հասցեում: Սկզբում շատ դժվար էր տաքսու վարորդներին բացատրել մեր նոր հասցեն: Մերոնք ասում էին «Սպանդարյան միլիցիայի բակը», բակում ասում էին «քաղմասի հայաթ», դպրոցում ես մեր տան տեղը բացատրելու համար ասում էի Սուրբ Սարգսի մոտ:

 

Այդ փողոցը համարյա գոյություն չունի, մի քանի բակ է` Սուրբ Սարգսից մինչեւ Պարոնյան փողոց: 1978-ին ես 8 տարեկան էի ու Ռաֆայել Իսրայելյանի մասին ոչինչ չգիտեի: Իհարկե, իմացա, մեզ տանը հիացմունքով պատմում էին նրա մասին ու, ինչպես միշտ, մանկան շուրթերից ճշմարտությունը հնչեց ու հարց առաջացավ` բա ինչի՞ են էս հայաթների վրա իրա անունը դրել, թող հրապարակի անուն դնեն:

 

Իսրայելյան փողոցի անունն իմացան, երբ բացվեցին տաքսի-սերվիսները: Մինչ այդ ոչ ոք այդպիսի փողոց չգիտեր: Դրան նպաստեցին նաեւ Փարաջանովի տուն-թանգարանի բացումը, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության՝ այդ մասում տեղավորվելը:

 

Իսկ մինչ այդ միայն քաղմասի շենքի կողքի պատին ուղղագրական սխալով  երեսուն տարի գրված էր` «Իսրաելյան 43»:

 

«Յ» կիսաձայնը ամենավիրավորական սխալը չէր, իհարկե: Երբ առաջին անգամ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը տեսա, մանկության տարիներին տված հարցս էլի թարմացավ. «Բայց ինչու այսքան աննշան փողոց այս մարդու անունով»:

 

Վերջին տարիներին հաճախ էի քայլում Սարյան փողոցով ու մտածում էի` մարդկանց հարեւաններն ովքեր են եղել` մերն` ովքեր: Իրար կողքի` Մարտիրոս Սարյան, Ռաֆայել Իսրայելյան, Վարազդատ Հարությունյան ու էլի շատ նշանավոր նկարիչների ու քանդակագործների տներ: Մեկի տան զանգն ու հին փայտե դուռն էին տարբերվում պսեւդոմարմարապատ նոր տներից, մյուսի` մասնավորապես Ռաֆայել Իսրայելյանի տան զարդաքանդակներն էին անմիջապես առանձնանում: Միշտ թվում էր, որ չամաչես, գլուխդ երկարես, բակում` խաղողի վազերի տակ նստած են լինելու մեր քաղաքի  երբեմնի նշանավոր մարդիկ` այդքան աննշան փայտե դռների հետեւում:

 

Մի քանի օր առաջ ինտերնետից իմացա, որ քանդում են Իսրայելյանի տունը: Ես գիտեի, որ մի տարի առաջ տունը վաճառվել է: Այնպես որ իրավական կողմը, կարծես, անխոցելի է: Իսկ մնացածը, ցավոք, քրեորեն պատժելի չէ: Չես կարող ասել, թե ինչո՞ւ Ռաֆայել Իսրայելյանի որդին վաճառեց հոր տունը: Նախ` իրավունք չունես, երկրորդ` չէր կարողանում ապրել` վաճառեց, ուրիշ բան չուներ` տունը վաճառեց:

 

Այս ամենով հանդերձ` մի տեսակ անարդարություն կա ու էլի բողոք, թեեւ չգիտես ում դեմ: Գուցե բուլդոզերի, որը քանդում էր Ռաֆայել Իսրայելյանի կառուցած տան պատերն ու պատի հին, քարե վառարանը:

 

Մարդիկ հավաքվել էին ու փորձում էին բանակցել, խանգարել գուցե: Նոր տերերը հյուրանոց են կառուցում: Իրավական կողմը պահված է: Բայց իրավական կողմը չի խանգարում, որ տեսարանը լաց առաջացնի:

 

Աննշան հայրերի հարուստ զավակները քանդում են նշանավոր հայրերի կարիքավոր զավակների հայրական տները: Սա է քաղաքի փիլիսոփայությունը:

 

Իսրայելյանի հարեւանուհիներից մեկը հայտնի գեղանկարիչ Բաբկեն Քոլոզյանի դուստրն էր` Գայանե Քոլոզյանը: Նա առաջարկում էր խնդրել նոր տերերին, որ կառուցվելիք նոր հյուրանոցի մի փոքրիկ հատվածում տեղ հատկացնեն Ռաֆայել Իսրայելյանի տուն-թանգարանի համար: Սա երեւի միակ հնարավոր ու իրական քայլը կարող էր լինել այն բանից հետո, երբ փլվեց քարե հին վառարանը, ուր ապրել է երկրի համար բազմաթիվ մնայուն բաներ կառուցած ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

 

Հիմարությունն, ավաղ, քրեորեն պատժելի չէ:


Լուսինե Հովհաննիսյան