կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 15:23
Քաղաքական

«Ելք»-ի նախագիծը պարունակում է քրեորեն պատժելի արարք. Փոստանջյան

«Ելք»-ի նախագիծը պարունակում է քրեորեն պատժելի արարք. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն ասյօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կուսակցության` Անի, Կարս ուղևորությանը, ասաց, թե ինչով այն կանդրադառնա ավագանու ընտրություններում իրենց օգտին քվեարկելու վրա:

Փոստանջյանը նշեց, որ իրենց այցելությունն ուներ հատուկ ուղերձ: «Մեր այցելությունն ուներ հատուկ ուղերձ և ոչ միայն երևանցիների համար:  Մենք շուրջ հազար տարի առաջ կորցրել ենք մեր պետականությունը, մայրաքաղաք Անին: Արատավոր բարքերն ու դավաճանություն էին պատճառը, որ կորցրեցինք մեր պետականությունը»,- հայտարարեց նա:

Ըստ Փոստանջյանի` դրանից հետո «մեր ողնաշարը ստացավ ծանր վնասվածք», որը մինչ օրս չենք կարողանում վերականգնել: «Անցած տարի մենք եղել ենք պատերազմի մեջ, որի կործանիչ հետևանքները վերացրել ենք երիտասարդ կյանքերի գնով: Մենք այդ տագնապը պետք է փոխանցեինք երևանցիներին և համայն հայությանը»,- ասաց նա, ապա հավելեց. «Այսօր էլ մենք այդ տագնապի մեջ ենք, չենք բացառում` կարող ենք կորցնել մեր պետականությունը: Ժողովուրդը պետք է իշխանությունը վերցնի իր ձեռքը»:

Հարցին` հայտարարել է, որ «Ելք»-ի` 15 հազար դրամների նախագիծն անօրինական է, պատրաստվո՞ւմ է դիմել դատարան, Փոստանջյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը պարունակում է քրեորեն պատժելի արարք:  Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով, և դա իրավապահ մարմինների գործն է, այլ ոչ թե` իմ: Ես դատապարտում եմ այդ հայտարարությունը, որովհետև դա կրկնում է  այն արատավոր երևույթները, որոնք հիմա կան»:

Դիտարկմանը` Դուք հայտարարել եք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունների մարդն է, Փոստանջյանը պատասխանեց. «Ես միայն ասել եմ, որ նա քվեարկում է նույն կերպ, ինչ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, և լեգիտիմացնում է ապրիլի 2-ի ընտրությունները, մինչդեռ ապրիլի 2-ի ընտրությունները հանցագործություն էին ժողովրդի հանդեպ»: