Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ներկայումս գործող քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ՝ Սահմանադրության առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար։ Այսինքն՝ գործող քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Մինչդեռ, ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է։ Պետության ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայություն է իր տարածքում և իր անկախությունը միջազգային հարաբերություններում, հետևաբար՝ ինքնիշխանությունը պետությանը բնորոշ առավել ընդհանուր իրավաբանական հատկություններն արտացոլող հասկացություն է, ուստի ներկայացվող նախագիծը նախատեսում է անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ»,- ասաց Մինասյանը։
Այս համատեքստում Արդարադատության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը և այն համարվել է իրավաչափ և լեգիտիմ։
«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։ Դրանք են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-ից 15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ եթե այդ կոչերը կատարվեն, օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ լրատվամիջոցները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-ից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում»,- պարզաբանեց Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ասաց, որ նախագծի ընդունմամբ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին և ընդհանրապես չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ կատարել։