կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 13:11
Իրավական

Երեխաները չեն գիտակցում, որ կռփազենք կրելը քրեորեն պատժելի արարք է. Նելլի Դուրյան

Երեխաները չեն գիտակցում, որ կռփազենք կրելը քրեորեն պատժելի արարք է. Նելլի Դուրյան

2017թ. ընթացքում հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 341 անչափահաս ՝ 10-ով ավելի քիչ, քան 2016-ին:

Այսօր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողներին հայտնեց, որ նվազել են անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես` 2016-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված սպանության 5 դեպք, իսկ 2017-ին նման դեպք չի գրանցվել:

Նվազել են նաև անչափահասների կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը. 2016-ին` 12, իսկ 2017-ին` 10 դեպք: 2016-ին գրանցվել է անչափահասների կողմից կատարված կողոպուտի 7, իսկ 2017-ին` 5 դեպք:

ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի խոսքով՝ 2016թ. ցուցանիշի համեմատ, փոքր-ինչ աճել են անչափահասների մասնակցությամբ կատարված խուլիգանության դեպքերը. 2016-ին գրանցվել է նման 3, իսկ 2017-ին` 4 դեպք: Անչափահասների կողմից անօրինական զենք կրելու ցուցանիշը նույնն է՝ 20 դեպք:

Դուրյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցների կողմից անչափահասների մոտ հիմնականում հայտնաբերվել են կռփազենքեր, կտրող-ծակող զենքեր: «Կռփազենքի վերաբերյալ զրույցներ են լինում, աշակերտներին ներկայացնում ենք, բացատրում, որ կռփազենքը սառը զենք է, սակայն երեխաները դա կրում են իրենց գրպանում` որպես ինքնապաշտպանության միջոց՝ չգիտակցելով, որ դրա համար կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասաց նա:

Դուրյանը նշեց, որ նվազել է նաև իգական սեռի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Նրա խոսքով՝ 2017թ. ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված բռնության 190 դեպք, որոնցից 17-ն ընտանեկան բռնության դեպքերն են: 2016-ին գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված բռնության 13 դեպք:

Բանախոսը նշեց, որ անչափասհների կողմից կատարված հանցագործությունների թվի աճ է նկատվում Երևանում և Լոռու մարզում: Ի դեպ, 2016-ին ոստիկանությունում հաշվառված է եղել մուրացկանությամբ զբաղվող 19 երեխա, իսկ 2017-ին` 18:

Նելլի Դուրյանի խոսքով՝ այս պահի դրությումբ ոստիկանությունում հաշվառված է մուրացկանությամբ զբաղվող ընդամենը երկու երեխա՝ մեկը` Երևանում, մյուսն` Աբովյան քաղաքում: Նախորդ տարի գրանցվել է երեխային մուրացկանության մեջ ներգրավելու մեկ, երեխային աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու` 2 դեպք: Դուրյանի խոսքով՝ մուրացկանությամբ շարունակում են զբաղվել այն երեխաներն, ովքեր տեղ չունեն գնալու, ստիպված ծնողի հետ գնում են, աշխատում, օրինակ` մոմավաճառությամբ զբաղվում:

«Նման երեխաների չեն կարող քրեական պատասպանատվության ենթարկել: Այստեղ պետք է համայնքների սոցիալական ծառայության աշխատակիցների հետ համատեղ աշխատանք, որպեսզի երեխան փողոցում չհայտնվի, չզրկվի կրթության և այլ իրավունքներից: Իսկ այն ծնողները, ովքեր երեխային ներգրավում են մուրացկանության մեջ, ենթարկա են քրեական պատասխանատվության»,- ասաց Դուրյանը: