կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 19:15
Քաղաքական

Առնվազն կատարվել է քրեորեն պատժելի արարք, որը նախատեսված ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով. հաղորդում հանցագործության մասին

Առնվազն կատարվել է քրեորեն պատժելի արարք, որը նախատեսված ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով. հաղորդում հանցագործության մասին

Լրագրող Արմեն Հակոբյանը գրում է.

«Այսօր, կառավարության թիվ 1 մասնաշենքի առջև, կարելի է ասել՝ օրը ցերեկով, բազմաթիվ վկաների, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, ուղիղ եթերում, շագանակագույն մուշտակով մի կին, որը ակնհայտորեն նիկոլ փաշին-ի կողմնակից էր դիրքավորվում, մի երիտասարդի հետ համագործակցաբար, հարձակվեց իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող, «Երկիր»-ի թղթակից Լիա Սարգսյանի վրա:

Նշենք, որ լրագրող Լիա Սարգսյանը երեկ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ հարց էր ուղղել ՀՀ վարչապետի պարտականությունները կատարողին՝ ԱԺ-ում Շուշիի վերաբերյալ նրա արած տխրահռչակ հայտարարույթան վերաբերյալ: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, բավականին անհարգալից ու ագրեսիվ տոնով ասել էր, թե իր հայտարարության գրավոր մեջբերումը բերեն, որ պատասխանի:

Մեր գործընկերուհի Լիա Սարգսյանը, ինչպես ասվել էր՝ ԳՐԱՎՈՐ տարբերակով բերել էր նիկոլ փաշինի ասածի մեջբերումը, կից հարցադրմամբ:

Այսինքն, լրագրողն ըստ էության և փաստացի կատարում էր իր մասնագիտական պարտականությունը:

Եվ ահա այդ իրավիճակում լրագրողի վրա կատարվում է հարձակում, նշված կինը և նրան օգնող դիմակավորված մի երիտասարդ (տես նկարներում, նրանք նշված են՝ 1 և 2 համապատասխանաբար) խլում են փաշինի ասածի մեջբերմամբ թղթե պաստառը, սաստիկ ատելությամբ ծվեն-ծվեն են այն անում, դրանով չբավարարվելով, չնայած բազմաթիվ ոստիկանական համազգեստով անձանց ներկայությանը, ակնհայտորեն հրելու և հարվածելու նպատակով, նշված կինը վրա է քշում լրագրողի վրա: Այսինքն՝ բացի լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, ակնհայտ խուլիգանական դրդումներով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հանրության նկատմամբ: Այսինքն, իմ համեստ կարծիքով, առնվազն կատարվել է քրեորեն պատժելի արարք, որը նախատեսված ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչ այս պահը, որքան ինձ հայտնի է, նյութեր չեն նախապատրաստվել, քննություն չի սկսվել, տվյալ կինը ու նրա հետ համահարձակվող երիտասարդը ոստիկանություն չեն տարվել, չեն ձերբակալվել:

Ուստի հանդես եմ գալիս սույն հայտարարությամբ, արտահայտելով նշված փաստի հետ կապված քննություն սկսելու, գործ հարուցելու և լրագրողի վրա հարձակվողներին օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվության ենթարկելու պահանջ:

Միաժամանակ, տեղի ունեցածի ու այս հայտարարության վրա հրավիրում եմ ՀՀ ՄԻՊ Arman Tatoyan-ի, Լրագրողների միության նախագահ Satik Seyranyan-ի, իրավապաշտպան Ruben Melikyan-ի ուշադրությունը՝ ակնկալելով Ձեր մասնագիտական արձագանքը:

--

Մեկնաբանության մեջ կդնեմ նաև տեսանյութի հղումը, որով կարելի է նույնականացնել մասնագիտական պարտականությունները կատարելու պահին լրագրողի վրա հարձակված իշխանական կողմնակիցներին»:

 

Հիշեցնենք, որ այսօր «Շուշին՝ ա) ադրբեջանական է, բ) հայկական է» տարբերակները պաստառի վրա նշելով՝ Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, անձամբ ներկայացել է Կառավարության շենքի բակ և ընթերցել վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Լրագրողը հայտարարել է՝ ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր խոստումը, կիջնի և պաստառի վրա գրված տարբերակներից մեկը կընտրի՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։ 

Շրջակայքում գտնվող՝ Նիկոլ Փաշինյանի համակիր կանանցից մեկը, սակայն, հափշտակեց պաստառը, պատռեց ու սկսեց հարվածներ հասցնել և  հրհրել լրագրողին։

Լիանա Սարգսյանը ամփոփեց ակցիան․ «Բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը, պատռեցին։ Այստեղ իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը այլևս անհանդուրժելի է։ Ցանկացած պատեհ առիթի կարող եմ վարչապետին նորից այդ հարցադրումը անել, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»:

 

 

 

Տես նաև՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը, Փաշինյանի խնդրանքով, հարցը տարավ կառավարություն: