կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-25 16:43
Քաղաքական

Նրանց նպատակը Իրանի և ՀՀ-ի միջև պատմական սահմանի վերացումն է. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Նրանց նպատակը Իրանի և ՀՀ-ի միջև պատմական սահմանի վերացումն է. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Սեպտեմբերի 24-ին Իրանի խորհրդարանում ելույթ է ունեցել հայազգի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը։ Yerkir.am-ը ներկայացնում է ելույթի՝ տարածաշրջանին և Հայաստանին առչվող հատվածը:

Վերջին տարիներին միջազգային ասպարեզում եղել են ճակատագրական տատանումներ, որոնք աննախադեպ էին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր և աշխարհը տանում են բախումների։ Արտատարածաշրջանային պետություններն ու համաշխարհային դերակատարները, որոնք փորձում են իրենց շահերն առաջ մղել գաղափարական և արժեքների դաշտում, տարբեր տարածաշրջաններում բորբոքում են ճգնաժամեր՝ նպատակ ունենալով ազդեցություն գործել և իրենց շահերը հաստատել: 

Մերձավոր Արևելքում դրա վառ օրինակը Իսրայելի ռեժիմն է, որը լայնածավալ ռազմական և նյութատեխնիկական աջակցությամբ շարունակ սանձազերծում է հակամարտություններ՝ խախտելով միջազգային օրենքներն ու պայմանավորվածությունները, իսկ միջազգային հանրությունը հաճախ աչք է փակում կատարվող իրադարձությունների վրա: Իսրայելի ռեժիմն իր գոյատևումը պայմանավորում է շարունակվող պատերազմներով և զանգվածային սպանություններով:

Սիոնիզմի գործելակերպը՝ ներառյալ Լիբանանում պայթյունների և բռնությունների հրահրումը, ցույց է տալիս, որ այդ ռեժիմը ոչ մի կերպ չի արժևորում մարդկային կյանքին և էթիկական նորմերին:

Նույնիսկ քրիստոնյաները, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում են օկուպացված սրբազան տարածքներում (Երուսաղեմում), այժմ դառնում են հալածանքի և նվաստացման զոհ:

Իսրայելի ռեժիմը պարբերաբար ոտնձգություններ է իրականացնում քրիստոնյա հայերի և նրանց կրոնական առաջնորդների դեմ, իսկ նրանց եկեղեցիները բռնազավթվում են:

Սա Իսրայելի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության մասն է, որը տարածվում է նաև տարածաշրջանում գտնվող այլ ժողովուրդների վրա:

Հարգելի գործընկերներ, 3 տարի առաջ Հարավային Կովկասում Իսրայելի ռեժիմի և Ադրբեջանի համագործակցությամբ տեղի ունեցան լուրջ փոփոխություններ։ 2020 թվականին տեղի ունեցավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, Իսրայելի և Թուրքիայի հսկայական նյութատեխնիկական ու ռազմական խորհրդատվության աջակցությամբ, զավթեց այդ տարածքը։ Սկսվեց Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, որի արդյունքում անցյալ տարի այս օրերին ավելի քան 130,000 հայեր տեղահանվեցին, և նրանք մինչ այժմ գտնվում են անորոշ վիճակում։ Բաքվի բանտերում նույնպես պահվում են տասնյակ հայ ռազմագերիներ, ովքեր երեք տարի անց դեռևս անազատության մեջ են:

Այս իրադարձությունները հստակորեն բացահայտում են սիոնիզմի և որոշ արտատարածաշրջանային ուժերի կործանարար դերը, ինչպես նաև Ադրբեջանի՝ որպես գործիքի, անտեսող վերաբերմունքը միջազգային օրենքների նկատմամբ:

Այս ամենը նաև հանգեցրել է Ադրբեջանի Հանրապետության ավելի մեծ համարձակության, ինչը թույլ է տվել նրանց նույնիսկ իրենց պաշտոնական լրատվամիջոցներում քննարկել Իրանի մասնատումը։ Ներկայումս նրանք գտնվում են Հայաստանի տարածքների զավթման, Իրանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի խզման, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» (նույնն է Մեծ Թուրանի) ստեղծման պատրանքների մեջ։ Իսրայելի ռեժիմը, լինելով ներկայում մեր հարևան երկրում և Արցախի բռնազավթված տարածքներում, աջակցելով և զինելով Ադրբեջանին, փորձում է ճնշումներ գործադրել և ճգնաժամեր ստեղծել մեր երկրի սահմաններին:

Նրանց նպատակը երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանի վերացումն է՝ կարծելով, թե այդպիսով կհարվածեն Իրանի հզոր մարմնին: Մեծարգո առաջնորդն արդեն նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը ամենահին միջազգային սահմաններից է, և դրա փոփոխությունը կամ փակումը անընդունելի է։ Նա նաև ընդգծել է Արցախի հայ բնակչության անվտանգության կարևորությունը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Հստակ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը սպառնալիք է մեր սիրելի երկրի՝ Իրանի ազգային անվտանգությանը, շահերին և տարածքային ամբողջականությանը։ Մենք դեմ չենք տարածքների և երթուղիների միջև կապին (կոմունիկացիաների ապաշրջափակմանը), բայց դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության շրջանակներում:

Հարգելի գործընկերներ, եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականացվի Հայաստանի ինքնիշխանության շրջանակներից դուրս, դա կհանգեցնի մեր երկրի հյուսիսային մասի աշխարհաքաղաքական իմաստով լրջագույն խեղդմանը, իսկ միջազգային հյուսիս-հարավ առևտրային ուղին լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի, ինչը կնվազեցնի Իրանի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում։ Այս սցենարի իրականացման դեմ պետք է լուրջ պայքար տարվի:

Վերջում շնորհակալություն եմ հայտնում Իրանի արտաքին գործերի նախարարությանը՝ Կապանի հյուպատոսության բացման և մեր զինված ուժերին՝ հյուսիսարևմտյան սահմանների անվտանգությունն ապահովելու համար: