կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 15:56
Հասարակություն

Զոհերի հարազատներն ինձ էին ցավակցություն հայտնում, և ես նրանց որեւէ պատասխան չունեի տալու. Իրանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր

Զոհերի հարազատներն ինձ էին ցավակցություն հայտնում, և ես նրանց որեւէ պատասխան չունեի տալու. Իրանի խորհրդարանի  հայազգի նախկին պատգամավոր

alikonline.ir - 2009 թւականի յուլիսի 15-ին Թաւրիզում մի շարք բանակցութիւններ վարելուց յետոյ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը օդանաւով վերադարձաւ Թեհրան: Ու ինչպէս ինքն է պատմում վայրէջքից անմիջապէս յետոյ ստացաւ առաջին հեռախօսազանգը իր գործընկեր Ռոբերտ Բեգլարեանից, որն էլ հէնց իր մէջ համարձակութիւն էր գտել փոխանցելու չարագոյժ լուրը՝ «Գեւիկ տեղի է ունեցել ամենաողբերգական դէպքերից մէկը՝ Թեհրան-Երեւան օդանաւը ընկաւ եւ ոչ ոք այլեւս ողջ չէ»: Մինչ այդ պարոն Բեգլարեանը խնդրել էր, որ Գէորգը նստի, որից յետոյ ինքը լուրը կասի: Գէորգ Վարդանեանը յիշում է, որ մեղմ ասած «խաբել» է թէ նստել է, որպէսզի րոպէ առաջ լուրը փոխանցւի ու երբ լուրը լսել է. «Բառացիօրէն ընկայ օդանաւի աթոռներից մէկի վրայ»,- յիշում է նա: Եւ այդտեղից ուղիղ ուղեւորւում է դէպքի վայր:

Սա մեր նախնական զրոյցի ընթացքում պատմեց Գէորգ Վարդանը՝ մարդ, ով ինքնամոռաց նւիրումով (կարծում եմ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող) արեց անկարելին, որպէսզի մեղմացնի զոհերի հարազատների այդ ծանր վիշտը: Եւ չնայած ամենածանր եւ ամենասուր ստրեսային օրերին նա կարողանում էր դէպքի պատճառա-հետեւանքային պաշտօնական գործառոյթների հետ միաժամանակ, որոնք իմիջիայլոց շատ ծաւալուն էին հետաքրքրւել իւրաքանչիւր ընտանիքի խնդիրներով ու հոգեվիճակով:

 «Գիտէք,- շարունակում է նա,- նման ողբերգական դէպքերը ընդհանրապէս մարդու կեանքի եւ ժողովուրդների այս դէպքում համայնքի պատմութեան հետ շաղկապւած են: Կան նման իրողութիւններ, որոնց ցաւի ծանրութիւնը նոյնիսկ տարիների հեռաւորութիւնը չի օգնում մեղմել»:

 «Չեմ կարող չասել, որ «Ալիք» օրաթերթի դերը այդ օրերին թէ՛ իր արհեստավարժութեամբ եւ թէ՛ իր պատասխանատւութեամբ ակնառու էր, միշտ էլ «Ալիք»-ը ինձ համար այդպիսին է եղել: Եւ նման անդրադարձները, որոնք դուք ամենայն ճշգրտութեամբ արձանագրում էիք, հէնց դրանք դառնում են մեր պատմութեան յուշագրային կոթողները: Քանի որ տարիների վերյուշը այդ էջերից մեզ կրկին վերաիմաստաւորւելու առիթ է տալիս, ուսանելու մեր սխալներից եւ դա ամենակարեւորն է բոլորիս համար: Մենք դասեր պէտք է քաղենք նման դէպքերի անցեալից»,- ասում է պարոն Վարդանեանը:

Այն ժամանակ դեռ աւելի երիտասարդ Գէորգ Վարդանը կարծում է, որ իրեն երեւի դեռ բախտ վիճակւած չէր ստանձնելու նման պատասխանատու հանգամանք, ով պիտի ամբողջ էութեամբ ըմբոշխնէր այս ցաւալի աղէտի ողջ բարդութիւնները եւ ճիշտ է ինքը համեստօրէն լռում էր, բայց եկէք խոստովանենք, որ չնայած երիտասարդ տարիքին, նա կարողացաւ պատւով իրականացնել իր առջեւ ծառացած իւրաքանչիւր խնդրի լուծում: «Ինչու խօսեցի բախտ վիճակւելուց, քանի որ իւրաքանչիւր պատասխանատու պաշտօնեայ գերադասում է, որ իր համայնքը ապրի խաղաղ եւ ուրախ օրեր: Եւ այսպէս թէ այնպէս, այդ օրերին ես էի այդ պատասխանատու պաշտօնում մեր ժողովրդի քւէներով»,- յաւելեց ժամանակի պատգամաւորը ու նշեց, որ այդ օրերին ինքը մենակ չէր, ասում է, որ ամէն պահ իր կողքին էին Ռոբերտ Բեգլարեանը, ով այն ժամանակ Հարաւային իրանահայութեան պատգամաւորն էր, նաեւ ազգային կառոյցների ներկայացուցիչներ, ովքեր միասնաբար իրար կողքի, ինչպէս նա է ասում շւաքի նման, միշտ իր կողքին են եղել ու աջակցել՝ մարդիկ, առանց որոնց հնարաւոր չէր լինի: «Չեմ կարող չյիշատակել անուններ՝ Սրբազան Հայրը, Ռոբերտ Բեգլարեանը, Հենրիկ Տէր-Ղուկասեանը եւ Դարւին Աւագեանը, որոնց միատեղ ջանքերով անհնարինը կարողացանք անել ու նրանք մարդիկ էին, որոնք գիշեր եւ ցերեկ ինձ հետ էին ու ամէն ինչում աջակցում էին ինձ»:

«Արագ կողմնորոշում էր պէտք այդ պահերին, քանի որ խօսքը վերաբերում էր 147 զոհի, խօսում էինք այդ մարդկանց իրաւունքների, նրանց արժանաւոյնը մատուցելու՝ հոգե-մտաւոր եւ ինչու ոչ հասարակական առումներով, որ մեր բոլորիս հոգու պարտքն էր: Երեւի արդէն պատկերացնում էք, որ խօսքը բազմաոլորտ հանգամանքների գործառոյթներ էին իրենցից ներկայացնում»,- ասում է նա:

 «Ես շնորհակալ եմ իմ ընկերներիս եւ բոլոր նրանց, ովքեր այդ օրերին առանց որեւէ այլեւայլութեան աջակցեցին եւ միահամուռ կարողացանք յաղթահարել այդ մեծ ու բարդ աշխատանքը»,- յաւելում է զրուցակիցս ու աւելացնում, որ առանց համատեղ եւ կազմակերպւած աշխատանքի, հնարաւոր չէր լինի յաղթահարել այս ամէնը:

Պարոն Վարդանեանը այսօր էլ մեծ յուզումով է յիշում այդ օրերը ու նշում, որ 40 տարեկան էր ու կոչւած էր պաշտպանելու 47 հայ զոհի իրաւունք եւ չմոռանանք 47 դագաղ կնքեց հէնց այդ օրերին, որպէսզի նրանց անշնչացած մարմիններից մնացած մասունքները պատւով յանձնւեն հողին:

20 տարի էր, որ արդէն Իրանի պետութիւնը մտածում էր, որ «Թոփոլով» օդանաւը այլեւս չպէտք է թռչի Իրանի օդային տարածքով, դրանք «թռչող դագաղ» էին անւանում,- ասում է ժամանակի պատգամաւորը ու յաւելում, որ ինչ-ինչ պատճառներով չէին յաջողում դադարեցնել այդ թռիչքները: Բայց այս դէպքից ընդամենը երկու տարի յետոյ մեր հետեւողական աշխատանքի շնորհիւ, հնարաւոր եղաւ արգելել այդ թռիչքները նշւած տարածքով: Ամէն դէպքում դա այս ասպարէզում մեծ յաջողութիւն էր եւ ամենակարեւորը մէկ քայլ դէպի անվտանգութիւն:

Զրուցակցիս խօսքով չպէտք է մոռանանք, որ Իրանի խորհրդարանի աւելի քան 100-ամեայ պատմութեան մէջ փոքրամասնութիւնների ներկայացուցիչների գլխաւորութեամբ Իրանի տրանսպորտի նախարարի ու այս դէպքում գործող նախագահի ամենայարգւած նախարարի դէմ հարց յարուցւեց եւ արդիւնքում պաշտօնեան աշխատանքից ազատւեց: «Ու դա նրա դէմ դժգոհութեան սկզբնաքարն էր, իհարկէ մինչ այսօր էլ իմ գործընկերները ինձ են վերագրում նախարարի ազատման այդ ծանր դէպքը եւ դա այդպէս է»,- զրոյցում նշում է պատգամաւորը:

«Խորհրդարանական այդ հարցապնդման գործընթացում ես եւ պարոն Բեգլարեանը միայնակ չենք եղել, մեր թիկունքում զօրակցում էին 13-ից 14 ոչ-հայ պատգամաւորներ՝ փոքրամասնութիւնների 5-ը պատգամաւոր եւ միւսները: Դա բաւականին բարդ պրոցես է թէ՛ քաղաքական եւ թէ՛ հասարակական առումներով: Եթէ յիշէք ճնշումը այնքան մեծ էր իմ վրայ, կենտրոնում ես էի յայտնւել ու բնականաբար ճնշումը ինձ վրայ էր եւ միշտ էլ երախտագիտութեամբ եմ յիշում Ուրմիայի պատգամաւորի ելոյթը՝ ով նախքան հարցապնդումը որպէս ազդարարութիւն, դիմեց խորհրդարանի նախագահին, այդ ժամանակ նախագահում էր պարոն Բահոնարը եւ ասաց ինչու էք բոլոր սուր սլաքները ուղղել պարոն Վարդանիի վրայ, սա միայն Գեւորգ Վարդանիի եւ հայ համայնքի հարցը չէ, սա ողջ Իրանի ժողովրդի հարցն է, որին որպէս Իրանի ժողովրդի, պարտաւոր ենք վերահասութիւն տալ: Սա ցոյց է տալիս որ խորհրդարանի մէջ այնքան սուր բեւեռացում կար այս հարցի նկատմամբ, որ մեր գործընկերը հոգու պարտք զգաց բարձրաձայնելու: Շուրջ 50 րոպէ տեւողութեամբ իմ եւ նախարարի հարց ու պատասխանը այնտեղ տարաւ, որ կառավարութիւնը ինչպէս աշխատեց, չյաջողեց խորհրդարանի ձայների մեծամասնութեան քւէն ապահովել: Սա յստակ ցոյց էր տալիս, որ քւէարկողը յստակ կողմնորոշւած է թէ ինչպէս է քւէարկում եւ ցոյց է տալիս նաեւ, որ մեզ յաջողւեց խորհրդարանական մեր գործընկերներին համոզել, որ տրամաբանօրէն մենք ենք ճիշտ եւ ոչ նախարարի տւած պատասխանները եւ եզրակացութիւնները:

Սա ընդունենք, որ մեծ ձեռքբերում էր»,- աւելացրեց նա:

Իմիջիայլոց օգտւելով ձեռքբերումների մասին զրոյցից խնդրեցի խօսել նաեւ այդ օրերին առաւել իրեն յուզող մի դրւագից: Աննկարագրելի էր ազգային գործչի հայեացքը ու այդ պահի ապրումը, նա միանգամից այլայլւեց եւ յուզւեց ...

«Ինձ համար ամենայուզիչ պահը այն էր, երբ զոհերի հարազատները մօտենում եւ ինձ ցաւակցում էին ... դա ինձ համար մի մեծ հոգու նւիրում էր, դա ցոյց էր տալիս, թէ որքանով է իրար հետ շաղկապւել եւ նոյնացել վշտի ապրումները, ու ես երբեք, հասկանում էք երբեք չեմ մոռանայ դա: Ինձ համար զարմանալի եւ միաժամանակ հպարտութեան ամենաարժանաւոր պահն էր, երբ տեսնում էի, որ նրանք լիովին վստահում են իրենց 40-ամեայ պատգամաւորին, դա եւ պարտաւորեցնող էր եւ ինչ խօսք յուզող: Ես երախտապարտ եմ իմ ժողովրդին:

Ես չգիտեմ եթէ իրենց տեղը լինէի ինչպէս կը վերաբերւէի, իրենք շատ նրբանկատ վերաբերւեցին բոլորի նկատմամբ»,- յուզմունքը կոկորդում խեղդելով պատասխանեց հարցին:

Արմինէ Էլիազեան