Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պատերազմի հարցում կարմիր գծերը դեռ ամբողջությամբ չեն հատվել, ինչը կստիպեր գնալ բաց պատերազմի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա խոսքով, այդ կարմիր գծերը պահպանվում են Իրանի ու ԱՄՆ-ի հաշվին, ուստի դժվար թե կողմերը գնան բաց տարածաշրջանային պատերազմի։ Նա ենթադրեց, որ պատերազմը տեղի կունենա պրոքսի ուժերի միջոցով։
Կանդահարյանի խոսքով, ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվել է և դուրս է եկել Լիբանանի հարավից, հարձակումներն ավելի ինտենսիվ են դարձել, դրանք տանում են շենքերի ավերման և զոհերի ավելացման։
Միաժամանակ նա չցանկացավ համեմատել այս մարտերը Գազայում տեղի ունեցողի հետ, որտեղ համապարփակ, բացահայտ պատերազմ է ընթանում։
«Կան զսպող գործոններ, մասնավորապես, Իրանը հայտարարել է, որ պատերազմ չի ցանկանում, բայց ասել է, որ պատրաստ է դիմել ինքնապաշտպանության։ Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ միայն «Հեզբոլլահն» ի վիճակի չէ դիմակայել Իսրայելին։ Սա նշանակում է, որ պատերազմի հետագա ընթացքը կախված է Իրանից։ Բայց դա չի նշանակում, որ իրավիճակը զարգացում կստանա»,- հավելեց Գանտահարյանը։
Նա ենթադրում է, որ Գազայի վերաբերյալ հնարավոր համաձայնությունը կարող է ազդել լիբանանյան ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Նա չբացառեց, որ Իսրայելը ձգտում է բուֆերային գոտի ստեղծել Լիբանանի հարավում։
«Սա նշանակում է, որ նպատակը կարող է լինել Լիբանանի բնակչության տեղափոխումը հարավից՝ որպես հայելային պատասխան այն փաստի, որ հյուսիսի բնակչությունն արդեն տեղահանվել է մարտերի պատճառով: Հնարավոր է նաև, որ այդ ռազմական գործողությունները կարող են օգտագործվել իսրայելցի պատանդների ազատ արձակման բանակցություններում»,- ընդգծեց Գանտահարյանը: Նա նկատեց, որ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, կոմպակտ բնակվող հայկական համայնք չկա:
«Այս պահին զոհված և վիրավորված հայեր չկան։ Այդուհանդերձ, թե՛ ողջ լիբանանյան բնակչությունը, թե՛ հայ համայնքը զգում են պատերազմի հետեւանքները։ Երկիրն արդեն գտնվում էր քաղաքական անորոշության և խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։
Հիբրիդային պատերազմը, նաև տեղեկատվական և հոգեբանական պատերազմի տեսքով, հանգեցնում է ներքին անորոշության աճի, իսկ հարավային շրջաններից ներքին տեղահանվածների թիվն աճում է։ Այս ամենի ֆոնին երկրից բնակչության որոշակի արտահոսք է նկատվում հատկապես երիտասարդների, այդ թվում՝ հայերի շրջանում։ Սակայն այս պահին երկրից մարդկանց զանգվածային արտահոսք չկա»,- եզրափակեց Գանտահարյանը։
Աղբյուրը՝ NEWS.am