Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու որոշմանը հայտարարել է, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքներով որոշում կայացնի. «Պետք է մտածենք` մեր պետության շահերից ելնելով: Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի' գնացեք, մի' մասնակցեք, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր ու արդյունավետ:
Մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս մինչև գնալու որոշում կայացնելը ՀՀԿ-ն համարում էր, որ Մոսկվա գնալը ճիշտ է: «Մենք պետք է օգտագործենք բոլոր ամբիոնները, և սա այն պահը չէ, որ նեղացածություն կամ խռովկանություն ցուցաբերենք, որովհետև դա որևէ դրական բանի չի բերի: Պետք է մեր քննադատական խոսքը լսելի դարձնենք բոլոր ամբիոններից, և յուրաքանչյուր բաց թողնված բանակցություն մեզ համար կարող է դժվար վերականգնելի լինել, և պատահական չէ, որ անմիջապես հաջորդ նիստը տեղի է ունենալու Երևանում: Այն, ինչ մենք պետք է ասեինք` ԱՊՀ անդամ երկրների պահվածքի հետ կապված , վարչապետը բարձրաձայնել է: Նաև ասեմ, որ ՌԴ իր գործընկերոջ հրավերը նա միանգամից չի ընդունել, քննարկվել է, որից հետո նոր դրական պատասխան է տրվել, և գործընկերները նրա այդ քայլը դրական են գնահատել»,- ասաց Բաղդասարյանը: Հարցին` եթե Հովիկ Աբրահամյանը չգնար Մոսկվա, կվտանգվեի՞ն հայ-ռուսական հարաբերությունները, ՀՀԿ-ականը պատասխանեց, որ փորձարկումներ անել հարկավոր չէ, քանի որ այս հարթակը փորձադաշտ չէ: «Սա փորձադաշտ չէ, մենք դրա ժամանակը չունենք և դրա կարիքը չունենք բացարձակապես: Մենք պետք է այն քաղաքականությունը վարենք, որը տանում է ավելի հեռուն: Մենք դեռ այդ ուժն ու հզորությունը չունենք, որ թելադրող լինենք և կարողանանք մեր կամքը թելադրել, իհարկե, պետք է կարողանալ նաև ցուցաբերել ինքնուրույնություն, որը մենք անում ենք»,- ընդգծեց Բաղդասարյանը, ապա նշեց, որ մեր դեմքը պետք է ավելի շատ բանակցային գործընթացում ցույց տանք, ինչն էլ անում ենք: «Ասելիքը մեկ անգամ են ասում, ու լարումներ մտցնելով էլ չէ, դրանից օգտվում են որոշ լրատվամիջոցներ և երկիրը ցանկանում են բաժանել արևմտամետների ու ռուսամետների, որը բացասական ազդեցություն կարող է ունենալ: Մենք չենք ցանկանում մեր հարաբերությունները վատացնել ո'չ ՌԴ-ի հետ, ո'չ Արևմուտքի հետ, այլ հակառակը` ուզում ենք մեր համագործակցությունն ավելի ընդլայնել : Մենք նաև զգոնության կոչ ենք անում մեր ստրատեգիական գործընկերներին»,- ասաց պատգամավորը: Նա խոսեց նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքերի մասին: «Զենքերի վաճառքը բավական լուրջ հարց է: Մենք իրավունք չունենք արգելելու, որ զենք վաճառեն ռուսները, զենքերից օգտվում ենք նաև մենք, և ՀԱՊԿ-ին անդամակցելը չի նշանակում, որ մեկին զենք տրամադրվի, մյուսին` ոչ, բայց բարոյական տեսանկյունից նրանք պետք է իրենց ավելի բարձր պահեն, և գոնե այն զենքերը, որոնք որ այլ երկրներից չեն կարող ձեռք բերել ադրբեջանցիները, ՌԴ-ից չմատակարարվի: Մեր թշնամու հիմնական օգտագործած զենքերը եղել են իսրայելական արտադրության, իհարկե, ցանկալի չէ, որ նրանց զինանոցը հզոր լինի նաև ռոսական զենքերով, մենք այս մասին բարձրաձայնել ենք բավական շատ: Մենք իրավունք չունենք թելադրելու, բայց կարող ենք, որպես բարեկամ, ասել նրանց»,- ասաց Բաղդասարյանը: