կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 19:32
Հասարակություն

Պարսից ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

Պարսից ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

Պարսից ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կանխատեսումն արեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հայտարարությունը առ այն, որ  իր երկիրը պատրաստ է Արաբական Միացյալ Էմիրություններին աջակցելու ԱՄԷ-ի քաղաքացիներին Եմենի հարձակումներից պաշտպանելու համար, նա նշեց. «Նկատենք, որ վերջերս թափ էր հավաքել Թել Ավիվ-արաբական ծոցի երկրներ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Գործընթաց, որ գնում է Վաշինգտոն-Թեհրան միջուկային հարցով բանակցություններին զուգահեռ։ 

Եմեն-ԱՄԷ բախումները, ըստ էության, Սաուդյան Արաբիա-Իրան պրոքսի պատերազմի պատկեր է։  Նման գործողություններ սահմանափակ տեսքով կշարունակվեն, չնայած որ աննախադեպ երևույթներ են գրանցվում՝ ինչպես Աբու Դաբիի վրա կատարված հրթիռակոծումը»,- ընդգծեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Նա կարծում է, որ Թել Ավիվի շահերից է բխում արաբական ծոցում նման պայթունավտանգ և լարված իրավիճակի պահպանումը։ «Դա ենթահող կձևավորի Իսրայելին՝ ռազմական աջակցություն տրամադրելու և ավելի խորացնելու Պարսից ծոցի երկրների հետ իր նորահաստատ հարաբերությունները։

Ռազմաքաղաքական իրադարձությունների պարանաձգությունը, կարծում եմ, կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների ֆոնին և սերտորեն կազդվի դրա վայրիվերումներից։ Համենայնդեպս, դրանք չեն վերաճի լայնամաշտաբ պատերազմի»,- կանխատեսեց Շահան Գանտահարյանը։