կարևոր
2566 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-12 23:05
Քաղաքական

Եթե ՀՀ-ն չբացառի իր տարածքով միջանցք տալու հարցը, բոլորը կփորձեն իրենց օգուտը քաղել. Գևորգ Ղուկասյան

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման մասին հունգարական կողմի պնդումները կամ այս գործընթացից հունգարական կողմի օգուտներ շահելու մարտավարությունն, ըստ էության, արհեստական են: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

«Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններում դիվանագիտական հարաբերությունները դեռևս ամբողջական ծավալով վերականգնված չեն: Հաճախ հունգարական ակտիվությունը ՀՀ-ի հետ հարաբերություններում գալիս է ոչ թե հունգարական պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, այլ այն պարտավորություններից, որ ունի Հունգարիան որպես ԵՄ խորհուրդը նախագահող երկիր։ Որոշ ակտիվությունը պետք է նայել այդ տեսանկյունից:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման մասին հունգարական կողմի պնդումները կամ այս գործընթացից հունգարական կողմի օգուտներ շահելու մարտավարությունն, ըստ էության, արհեստական է, քանի որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը որևէ կերպ հունգարական կողմի երախտիքը չէ, ընդհակառակը, վերջին շրջանում Հունգարիան աչքի է ընկել նրանով, որ վետո է կիրառել այնպիսի որոշումների վրա, որոնց կյանքի կոչումը ԵՄ-ում ադրբեջանական քաղաքականության դեմ կարող էր գնալ: Այնպես որ այս ակտիվությունը պայմանավորված չէ հայ-հունգարական հարաբերություններով, ավելի շատ պայմանավորված է Հունգարիայի վրա դրված պարտավորություններով»,- նշել է Ղուկասյանը:

Նա իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ-ն շատ խիստ, կոշտ ու կտրուկ դիրքորոշում պետք է հայտնի, որ Հայաստանի տարածքով արտատարածքային որևէ միջանցք չպետք է լինի:

«Ընդհանրապես թյուրքական աշխարհը պետք է փորձի հնարավորինս օգտագործել ԵՄ-ի խորհրդում հունգարական նախագահության այս ժամանակահատվածից, բայց պետք չէ գերագնահատել Հունգարիայի ազդեցությունը, քանի որ սա խիստ ժամանակավոր գործընթաց է: Այն ընդամենը 6 ամսվա համար է, որի մեծ մասը, կարծես, անցել է:

Ինչ վերաբերում է միջանցքի խնդրին, և ընդհանրապես Հարավային Ասիան Եվրոպական աշխարհամասին կապելու քաղաքական ցանկությանը, ապա դա առկա է և՛ ԵՄ-ում, և՛ ԱՄՆ-ում, և՛ ՌԴ-ում, այն մասով, որ ՌԴ-ն ևս կարող է այդ հնարավոր միջանցքի վրա վերահսկողություն ունենալ: Եթե ՀՀ-ն չբացառի իր տարածքով միջանցք տալու հարցը, բոլոր պետությունները փորձելու են իրենց օգուտը քաղել: Այնպես որ, այստեղ պետք է ՀՀ-ի շատ խիստ, կոշտ ու կտրուկ դիրքորոշումը, որ Հայաստանի տարածքով արտատարածքային որևէ միջանցք չպետք է լինի: Եթե ՀՀ-ն այս դիրքորոշման մեջ փորձի խուսանավել, փորձի ասել, որ մենք դա կարող ենք պատվիրակել ինչ-որ երրորդ կողմի և նման խնդիրներ առաջ բերի, բնականաբար, բոլոր ուժային կենտրոնները կփորձեն այդ ճանապարհի նկատմամբ իրենց վերահսկողությունը սահմանել: Հետևաբար, ցանկացած կոմունիկացիա չպետք է խաթարի որևէ պետության տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Ղուկասյանը: