կարևոր
3952 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 11:32
Քաղաքական

Ռուս ուղղափառ եկեղեցու պատասխանատուները շարունակում են իրենց արատավոր ընթացքը․ Գևորգ Ղուկասյան

Ռուս ուղղափառ եկեղեցու պատասխանատուները շարունակում են իրենց արատավոր ընթացքը․ Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է․

«Ռուս ուղղափառ եկեղեցու պատասխանատուները շարունակում են իրենց արատավոր ընթացքը։

Այս անգամ էլ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար Արքիմանդրիթ Ալեքսիյը միացել է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ քննադատական հայտարարության՝ ի թիվս այլնի, դատապարտելով Բերձորի միջանցքի փակման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը։

Այս օրերին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զորակցության և համերաշխության խոսքեր է ստանում տարբեր քույր եկեղեցիներից և միջեկեղեցական կազմակերպություններից՝ ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի պահվածքն առավել քան դատապարտելի է։

Արքիմանդրիթ Ալեքսիյի ստորագրությունը Փաշազադեի ու Ալիևի իշխանության խամաճիկ ինքնահռչակ կրոնապետերի կողքին, պատիվ չի բերում ռուսական եկեղեցուն։

Հիշեցնեմ, որ շուրջ մեկ տարի առաջ էլ մեկ այլ հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը։

Այս ընթացքը պետք է դադարեցվի, Հայոց եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող անարձագանք մնալ»։