Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրեթե մեկ շաբաթ է Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ, Սուրենավան, Երասխ գյուղերն առանց խմելու ջրի են։ Yerkir.am-ի խմբագրություն ահազանգած Երասխի բնակիչներն ասացին, որ եթե խմելու ջրի խնդրին լուծում չտրվեց փակելու են Երևան-Երասխ մայրուղին։ Ըստ բնակիչների՝ դիմել են գյուղի ղեկավարին, զանգահարել են Արարատի համայնքապետարան, «Վեոլիա Ջուր», սակայն պատկան որևէ օղակից հստակ պարզաբանում բնակիչներին չեն տվել։
Խնդրի հետքերով փորձեցինք մենք գնալ․ նախ զանգահարեցինք Արարատի համայնքապետարան, զրուցեցինք աշխատակազմի ղեկավար Արթուր Մուսիկյանի հետ․ նրա խոսքով՝ խնդրի մասին տեղյակ են և մեզ փոխանցեց, որ ջրագիծ է վթարվել, որն արդեն նորոգվել է, և, ամենաուշը, մինչև վաղը երեկոյան Երասխի բնակիչները խմելու ջուր կունենան։ Ըստ նրա՝ Արմաշում արդեն խնդիրը կարգավորված է, փուլ առ փուլ ջուրը կհասնի նաև մյուս բնակավայրեր, այդ թվում՝ Երասխ։
Հարցին, թե ինչո՞ւ համայնքապետարանը բնակիչներին խմելու ջրով ապահովելու այլընտրանքային միջոց չի ձեռնարկել, օրինակ, ջրատար ցիստեռներով խմելու ջուր հասցնելով սահմանային գյուղ, նշեց․ «Այդ ինչպե՞ս եք պատկերացնում 2000-ից ավելի բնակիչներին ջրատար ցիստեռներով ջուր բաժանելը»։
Փաստորեն ստացվում է, թուրքի քթի տակ ապրող հայ գյուղացին օրվա ահն ու վախը հաղթահարելուց բացի, նաև պետք է անջուր օրվա հետ կռիվ տա․ հա՛մ սահման պահի, հա՛մ գյուղը ապրեցնի, հա՛մ էլ իր խմելու ջրի համար պատկան օղակների դռները ծեծի ու անպատասխան մնա։
Խնդրի պատճառը հասկանալու համար զանգահարեցինք նաև «Վեոլիա Ջուր»։ Ընկերությունից մեզ փոխանցեցին, որը խոսքը՝ Զոդ-Սուրենավան-Արմաշ-Երասխ մի քանի կիլոմետրանոց ջրատարի մասին է, որն ամբողջությամբ քայքայված ու վթարային է, գրեթե հնամաշ վիճակում։
«Մենք այդտեղ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում, վթարային հատվածն ենք փոխում, բայց դա մի քանի կիլոմետրանոց գիծ է, ու այնտեղ, որտեղ դեռ չենք փոխել, չենք հասել, այդտեղ անընդհատ վթար է լինում։ Զուտ համակարգի մաշվածության, խողովակի քայքայվածության հետևանք է այս ամենը։ Ինչ վերաբերվում է, որ բնակիչները զանգահարել են 1-85 թեժ գիծ, 1-85-ը տեղյակ է եղել, բաժանորդներին տեղեկացվել է, նաև մեր տելեգրամյան ալիքում է տեղադրված, որ ջրանջատում է լինելու Երասխում, նաև 1-85-ը ձայնագրությամբ է հայտարարությունը տարածել։ Այս պահին մեր աշխատակիցները տեղում վթարի հետևանքների վերացման ու նորոգման աշխատանքներ են իրականացնում։ Զոդ-Սուրենավան-Արմաշ-Երասխ հատվածի մի քանի կիլոմետրանոց ջրատարը շատ վթարային վիճակում է, 2600 գծամետր նորոգման աշխատանքներ ենք իրականացնում, բայց մի քանի կիլոմետրանոց է ու անընդհատ տարբեր հատվածներում վթարներ են լինում (50 օրվա մեջ 27 անգամ վթար է լինում), որի պատճառով այդ վիճակն է առաջանում»,- ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը։
Հերմինե Զեյնալյան