Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Մեր երկրի այսօրվա իրավիճակը վայր ընկնող ինքնաթիռ է հիշեցնում, որտեղ նստատեղի համար բանավիճում են ուղևորները, օդաչուն էլ, սեփական անկարողությունը քողարկելու համար, ինքն է կռիվ հրահրում ուղևորների մեջ: Այնինչ օդաչուի մտահոգությունը պետք է մեկը լինի՝ կանխել աղետը:
Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Աշխարհում կան տարաբնույթ պաշտամունքի առարկաներ՝ միջատների, կովի, արևի և լուսնի, եղել են և կա նաև ինքնապաշտամունք, երբ մարդիկ գայթակղվում են սեփական անձը Աստծո տեղ դնելու պաշտամունքով: Նման դրսևորում, Աստծո հետ իրենց նույն հարթակում դնելու տենդենց կա ծայրահեղ աղանդավորական շրջանակներում: Եվ սա փորձ է մարդկանց իրական օրակարգից շեղելու, արհեստական բանավեճ հրահրելու նպատակով՝ շղարշի տակ թողնելով բուն խնդիրը:
Անընդունելի է նաև, որ Ադրբեջանի նույն բառապաշարով խոսում են նաև Հայաստանի իշխանությունները: Մարդկանց մոտ լուրջ մտահոգություններ են առաջանում, որ թշնամու ագրեսիային համարժեք արձագանք, դրան դիմակայելու կամք չկա:
Պարտվողականությունը, հանրության բարոյալքումը, ապատիան ո՞ւմ օրոք է ստեղծվել. այս իշխանությունների: Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ ընկնող օդանավի օդաչուն աղետը կանխելու և օդանավը փրկելու, ելքեր գտնելու փոխարեն՝ ուղևորների մեջ է սկսում մեղավորություն փնտրել:
Եկեղեցին պահպանողական է և քաղաքականության մեջ էլ հեղափոխականությունը չի ողջունում, որովհետև այդ դեպքում հալածանքները, ատելությունն ու մարդկանց տարբեր բարիկադների հետևում դնելն անխուսափելի են, բայց ինքնությունը, երկիրը փրկելու համար հեղափոխությունն անխուսափելի է», - նշել է հոգևորականը։