կարևոր
3592 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-08 18:38
Հասարակություն

Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ Երասխում

Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ Երասխում

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին:

«Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։

Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ  հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու  հաշվետու գործունեություն իրականացնելու սեփական հանձնառությունից, հայտնում ենք հետևյալը.

կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում  է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը  չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Մեկտեղ շեշտվում է, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

«Թերևս, սրանով է պայմանավորված հարևան պետության այսչափ ջղաձիգ արձագանքը։ Ի հեճուկս թշնամական շարժառիթներ ունեցող վերոնշյալ գործողությունների, մենք լիակամ ենք շարունակելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում»,- ասված է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայտարարության մեջ: