Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իզուր է աղմուկը, որ բարձրացվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև ԳԱԱ-ի ճակատագրով մտահոգ շրջանակների կողմից. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ըստ Yerkir.am-ի, կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով ԳԱԱ-ին առնչվող փոփոխությունների թեմային՝ նախարարը պարզաբանեց. «Այն աշխատանքային նախագիծը, որ մենք տվել ենք, միայն կարծիքներ հավաքելու նպատակով է եղել: Այս պահին աշխատանքային նախագծում փոփոխություններ են տեղի ունենում: Հարցը կդնենք մեծ քննարկման, բոլոր կարծիքները՝ կողմերն ու դեմերը, կրկին կքննարկենք, կտեսնենք, թե ով և ինչ առաջարկ ունի, և միայն, ըստ դրա, առաջ կգնանք»:
Ինչ վերաբերում է օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության շուրջ բարձրացված աղմուկին, ԿԳՄՍ նախարար նշեց. «Ես շատ հաճախ ցավում եմ, որ ինֆորմացիոն այս բաց դաշտի պայմաններում մենք վերցնում ենք կիսատ նախադասությունները կամ վերլուծություններ, սիրողական կամ թեկուզ շատ լուրջ մասնագետների հայտնած կարծիքներ և, որպես վերջին ճշմարտություն, ներկայացնում դեռևս քննարկման փուլում գտնվող որևէ նախագծի վերաբերյալ, ընդ որում՝ ներկայացնում դրանք առանց երկրորդ կողմի, այս դեպքում՝ նախարարության կարծիքը հաշվի չառնելով: Արդյունքում ստացվում է, որ հարձակվելով հողմաղացների կռիվ ենք տալիս չեղած թեմաների վերաբերյալ»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են այս պահին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ քնարկումները, Արայիկ Հարությունյանը նշեց՝ այս պահին հարցի վերաբերյալ տարբեր մոդելներ են քննարկվում: «Հիմա մեր ամենակարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ գիտությունը վերադառնա համալսարան: Չէի ասի, թե համալսարաններում հետազոտական հատվածները ամբողջապես բացակայում են, բայց թույլ են: Որոշ համալսարաններում դրանք ընդհանրապես չկան, և այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որպեսզի հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար՝ նաև ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ: Սա է մեր հիմնական նպատակը: Մենք նաև այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծում, որ երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի ծրագիրն իրականացնելիս ինստիտուտները որոշակի համագործակցություն ունենան բուհերի հետ: Իսկ թե ի՞նչ մակարդակի կլինի այդ համագործակցությունը, կարող ենք քննարկել»,- ասաց նախարարը: