կարևոր
3283 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-09 19:47
Հասարակություն

Սահմանամերձ Երասխում վաղն առավոտյան ջուրն արդեն կհասնի․ Yerkir.am-ը՝ խնդրի հետքերով

Սահմանամերձ Երասխում վաղն առավոտյան ջուրն արդեն կհասնի․ Yerkir.am-ը՝ խնդրի հետքերով

Օրեր առաջ Yerkir.am-ն անդրադարձել էր Սուրենավան, Արմաշ, Երասխ գյուղերի խմելու ջրի խնդրին։ Բնակիչների կողմից մեր խմբագրություն ստացված ահազանգերի հետքով զանգահարել էինք Արարատի համայնքապետարան, զրուցել աշխատակազմի ղեկավարի հետ, ընդհուպ՝ հարցնելով, թե արդյո՞ք հնարավոր չէ օրեր շարունակ խմելու ջրից զրկված բնակիչներին  ջրատար մեքենաներով ջուր հասցնել, մինչև բուն խնդրի կարգավորումը։ Աշխատակազմի ղեկավարն անհնար էր համարել՝ նշելով․ «Այդ ինչպե՞ս եք պատկերացնում 2000-ից ավելի բնակիչներին ջրատար ցիստեռներով ջուր բաժանելը»։ Մինչդեռ այսօր մեր հետ զրույցում Երասխի բնակիչները տեղեկացրեցին, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2 օր է ջրատար մեքենաներով բնակիչներին ջուր է հասցնում, նույնիսկ՝ այնքան շատ, որ բավարարել է ոչ միայն խմելու, այլև կենցաղում օգտագործելու համար։ «Տուն առ տուն ընկերության աշխատակիցները 2 օր է ջուր են հասցնում»,- ասացին բնակիչները։

Լուրի իսկությունը պարզելու համար զանգահարեցինք «Վեոլիա Ջուր», ներկայացուցիչը հաստատեց բնակիչների խոսքը՝ ընդհուպ տրամադրելով տվյալ պահին վթարված մի քանի կիլոմետրանոց ջրագծի վերականգնման աշխատանքներից լուսանկարներ՝ նշելով, որ այսօր երեկոյան, ժամը՝ 22։00-ին, տեղամասի աշխատակիցները կավարտեն աշխատանքները, և մինչև վաղն առավոտյան ժամը 10։00-ն Երասխում խմելու ջուրը հասանելի կլինի։ Նրա խոսքով՝ վերջին 7 օրվա ընթացքում 9 վթար է տեղի ունեցել նույն հատվածում, և ինչպես նախորդ հրապարակման մեջ էինք նշել,  Սուրենավան-Արմաշ-Երասխ հատվածում ջրատարն ամբողջապես մաշված ու վթարային է եղել,  ինչը նորոգելը կարճ ժամանակահատվածում անհնար էր։

Լուսանկարները՝ ստորև։
 

Հերմինե Զեյնալյան