կարևոր
4198 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-21 17:58
Քաղաքական

Հայոց պատմության «նիկոլականը»․ Կարեն Արիստակեսյան

Հայոց պատմության «նիկոլականը»․ Կարեն Արիստակեսյան

Ես է՛լ «մեղադրեցի» ինքս ինձ, որ չեմ նկատել այս նրբությունը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն»։ Պատկերացնո՞ւմ եք՝ «Հայք» բառը «գրաբարից թարգմանաբար» նշանակում է «Հայաստան», «հայեր»։

Նա՛խ՝ ինչո՞ւ «թարգմանաբար» և ո՛չ թե «փոխաթարգմանաբար», քանի որ առկա է մի նուրբ, բայց էական հանգամանք․ «թարգմանել» կնշանակի մի լեզվով ասվածը կամ գրվածը ասել կամ գրել մի ուրիշ լեզվով։ Այս դեպքում լեզուն նույնն է՝ գրաբար հայերենը, և գրաբարից աշխարհաբար՝ փոխաթարգմանաբար, «Հայք» բառը նշանակում է «Հայաստան», «Հայաստան աշխարհ», «Հայոց աշխարհ» («Հայք՝ որպէս Հայաստան աշխարհ»․ «Հայաստան, որ առաւել Հայք ասի, այսինքն՝ Հայոց աշխարհ», Ավետիքեան Գ․, Սիւրմելյան Խ․, Աւգերեան Մ․, «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», Հատոր երկրորդ, Երևան, 1981, էջ 29, 30)։ Իսկ «աշխարհ» բառը, ի թիվս իր այլ իմաստների, ունի նաև «երկրի», տերության կամ պետության «գավառի» կամ «նահանգի», նաև՝ պետության կառավարման ձևի՝ «թագավորության» իմաստ (Նույնը, Հատոր առաջին, Երևան, 1979, 260, 261)։

Հետևաբար, «Հայոց պատմություն» հասկացությունը կամ եզրույթը նշանակում է «Հայաստանի պատմություն» (աշխարհաբար հայերենում մեծատառով գրված լինելու դեպքում ունի միայն այդ նշանակությունը)։ «Հայոց պատմություն» առարկայի անվանման մեջ «Հայոց» բառը գործածվում է որպես «Հայաստան» երկրի-տերության-պետության, նրա կառավարման «ձևի», նաև որպես այդ երկրի «ազգերի և բնակիչների» պատմության իմաստով։ «Հայոց պատմություն» հասկացությունը և եզրույթը իր ունեցած Հայոց պետության, Հայկական պետականության և քաղաքակրթության բովանդակության «ավանդական» շեշտադրումով առավել համապարփակ ու խոր է։ Ի դեպ, «Հայոց» բառը, ի թիվս իր այլ իմաստների, նաև նշանակում է «Հայկական», ինչպես որ «Հայաստան» բառը ածականական կիրառությամբ՝ գրաբար հայերենում նշանակում է «Հայկական»։

Սա քաղաքականությո՞ւն է «պետականության», «անկախության», «ինքնիշխանության» մասին, թե՞ սա «հրաժարումի և մոռացության» քաղաքականություն է՝ Հայոց հայրենիքից և Հայկական պետականություններից, հայկական քաղաքակրթությունից, պատմական հիշողությունից, ինքնությունից, ազգային արժանապատվությունից հրաժարվելու, Հայոց ցեղասպանությունը և այդ ցեղասպանության մեկ ու կես միլիոն Սուրբ Նահատակներին, բռնի տեղահանված արցախահայությանը մոռացության մատնելու մասին։ Սա քաղաքականությո՛ւն է, որ թելադրված Է Արևմուտքի օտարերկրյա պետությունների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և նպատակ ունի վերաշարադրելու և վերախմբագրելու Հայոց պատմությունը։ Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որքան է՛լ դժվար է, առերեսվելու հերթական ուրացմանը, և ահա՛ թե ինչու՝ ««Հայոց պատմության» տրամաբանության մեջ կարող է պարզվել, որ մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին»։

Եվ սուտ է, թե «Պատմական Հայաստանը դուք մեզանից ավելի շատ եք սիրում», կամ թե՝ «Դուք հրաժարվում եք որևէ բան ավելի՛ սիրել, քան Իրական Հայաստանը»։ Այո՛, Պատմական Հայաստանը և Իրական Հայաստանը դուք հակադրում եք իրար։ Ձեր «հայրենասիրության մոդելը», ձեր «պատմության ընկալումը» և՛ս քաղաքական է («Մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից»), և այդ առումով՝ գործնական, հաշվենկատ և կանխակալ։ Այնինչ, մեզ համար հայրենասիրության, կամ սիրո այդ տեսակը պարզապես ընդունելի, ապա նաև կո՛ւյր չէ։ Երկու դեպքում էլ՝ Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից, մենք նայում ենք աշխարհի մաս կազմող մեր Հայրենիքին՝ սիրո նույն օբյեկտին, և նրան սիրում ու փայփայում բոլորանվեր սիրով։ Այսինքն՝ այստեղ խնդիրը հայեցակարգային է, կարևոր է հայացքի ուղղությունը՝ անկախ ժամանակից և տարիքից։ Չէ՞ որ մենք չենք ընտրում մեր մորը՝ անկախ մեր ծննդյան օրից ու տարիքից, և կապված ենք նրա հետ մեր պորտալարով՝ մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք թերևս կարող ենք ընտրել Պետությունը՝ որտեղ բնակվում ենք կամ որտեղ չենք բնակվում, և այդ ընտրության մեջ կարող է լինել սոցիալ-հոգեբանական կամ այլ պատճառ, բայց մենք չենք ընտրում մեր ծնողին՝ հո՛րը կամ մո՛րը, և չենք քննարկում՝ ո՛ւմ ենք ավելի շատ սիրում, եթե դրա համար չկան հատուկ՝ սոցիալ-հոգեբանական կամ կյանքի ընթացքում առաջացած այլ պատճառներ։

Հետևաբար, մեզ համար դարձյա՛լ անհնար է երևակայել, պատկերացնել, հասկանալ և ըմբռնել, թե ինչո՛ւ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը («որ հղում է, առաջին հերթին, հայերի պատմությանը կամ պատմական Հայքի պատմությանը»), «․․․ա՛յս իմաստով և ա՛յս պահին իրավական պետության պատմության ներկայացման, դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը», «պատմական իրադարձությունների ներկայացումն ու վերագնահատումը ժամանակակից Հայաստանի Հանրապետության դիրքից»՝ ինչպե՞ս պետք է շեշտադրվի, որը ․․․ «հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց ժամանակակից պետության և պետականության»։

Ավելո՛րդ են, սիրելինե՛րս, բոլոր պատմագիտական հիմնավորումները և փաստերը, և պետք չէ՛ «պատմություն» և «ճշմարտություն» սարքել, «իր»-ականացնել դարերի պատմությունը՝ հակադրելով Հայրենիքը Պետությանը, կամ Պետությունը՝ Հայրենիքին, կանխավ ամեն ինչ «փաստարկելով»՝ «տիեզերածավալ» մտածողությամբ և «բաց մտքով» (‘’open-minded”), իսկ ավելի ճիշտ՝ «լայնախոհությամբ», սկսած «բաց տիեզերքում» «պետական արբանյակ» թռցնելուց մինչև «պետական ժողովուրդ» լինելը (ոչի՛նչ, որ ժողովուրդը «պետականացել» է, լա՛վ է, որ «համաշխարհային ազգ» չենք դարձել, երբ «պետական մտածողությունը», «ազատ խոսքը», «ժողովրդավարությունը» արգելափակված են ձեր հնարած «պետության» կամ «չպետության» բանտախցերում, հո՛գ չէ, որ ամենուրեք տիրապետող է «տգիտությունը»-«ծանծաղամտությունը»-«ճամարտակությունը», այնպես որ կարծես թե լինի «ուղեղի արձակուրդ» կամ «ուղեղի հանգստյան օր»)։ Մեզ համար սովորական է դարձել «Գլխավոր գերագույնի» կամ «Գերագույն գլխավորի» հեծնել-հեծանիվ քշելը, հայոց լեզվի «ո՛չ միայն տառին, այլև ոգուն, հոգուն, էմոցիային» տիրապետելը և դրանով վարչապետի պաշտոնը «վարելը»․․․ «պետության գոյության պայմաններում՝ պետության չգոյության դրվագներով» և «պետության չգոյության պայմաններում՝ պետության գոյության դրվագներով»։ Երբ «գլխին ընկել է պետությունը», իսկ նա, ո՛չ պակաս, ո՛չ ավել, «ուղղակի ցնցվել» ու գլխի է ընկել «չպետության» համար մաքառելու և պետության մեջ իշխանությունը երկարաձգելու «օրենքները»։ Իզուր մի՛ բարձրացեք «պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»՝ պետականասեր, պետականամետ, խորագետ, իրատես, գեղասեր և գրասեր երևալու համար, քանի որ այս հողի վրա ձեր դիմակները կարող եք արդեն հանել, ձեր բեմադրած՝ կեղծ ասելիքով և կեղծ էմոցիայով ներկայացումը մոտեցավ ավարտին։

Ժողովուրդների, ազգերի, նրանց կերտած պետականությունների և ստեղծած քաղաքակրթությունների, լեզվի և գրականության պատմությունը համագլխարկի վրա գրված պիտակ չէ, որ երբ ցանկանաք, այդ գլխարկը դնեք և քայլեք ձեզ ծանոթ փողոցներով և, հիացած ու զմայլված ինքներդ ձեզանով, թե ինչքա՜ն ոգեղեն եք, ստեղծարար ու ամենակարող, փութաք հասնել․․․ ձեր հնարած «Խաղաղության խաչմերուկ»։ Իսկ եթե, այսուհանդերձ, ձեր կարծիքով, այդ պատմությունը համագլխարկի վրա գրված պիտակ է, ապա իմացե՛ք՝ ովքեր խաղ են անում, ոտնագնդակ խաղալու պես, պատերազմի դաշտում կամ այլուրե՛ք՝ պետության ու ժողովրդի ճակատագրի հետ և միևնույն դեմքով՝ դիմակո՛վ, կամ Գերագույն գլխով՝ համագլխարկո՛վ, անիմաստ խոսում և աննպատակ թրև գալիս, այն այրող խարան է, դրոշմ է և կնիք՝ բոլոր նրա՛նց ճակատին, ովքեր մտահան են արել արդար հատուցման ժամը և գերադասել համագլխարկը՝ սեփական գլխի փոխարեն։

Առա՛յժմ, հայ տաղանդավոր արձակագրի և հրապարակագրի բառերով ասեմ ձեզ այսքանը՝ հեղինակային կոնտեքստում և ո՛չ թե հեղինակային կոնտեքստից դուրս․ «․․․ Մեր ձեռքով, մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ․․․ Եվ, այդուհանդերձ, մի՛ մտեք մեր հայոց լեզվի տաճարը»։ Նաև մեր․․․ հայոց պատմության,- «դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»։

Կարեն Արիստակեսյան