կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 16:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը հասկանում է իր շահերը եւ թույլ չի տա սահմանների որեւէ ձեւափոխում․ Կ․ Արիստակեսյան

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, կարծես, գաղտնի պայմանավորվածություններ մեջ է։ Օրերս Էրդողանը հայտարարեց, որ ունեն համագործակցության տարբերակ, որն անվանում են հինգի կամ վեցի հարթակ, եւ այս առումով  դրական ուղերձներ են ստանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Դրական ուղերձների հետ մեկտեղ մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում այս հարցում»,- ասել էր նա։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի նախկին տնօրեն, «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Արիստակեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց՝ եթե քիչ, թե շատ ծանոթ լինեինք վերջին հարյուրամյակի պատմությանը, ապա անմիջապես կհասկանայինք, որ թուրքերն իրենց դիվանագիտությամբ կարողացել են նվաճել Հայաստանը, մոտեցել են մեր սահմաններին եւ խեղդում են Հայաստանը։

«Շուշին առաջին անգամ չէ, որ ընկնում է թուրքերի ձեռքը, բայց մենք կարողացել ենք նորից վերագրավել։ Այս ամենը չիմացության արդյունք է։ Թուրքի հետ բարեկամությունը չի ստացվելու, սա ազգային կեղծ օրակարգ է։ Համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը չունի անգամ հաշվարկ օգուտի եւ վնասի վերաբերյալ։ Մեզ այսօր պակասում է ճկուն դիվանագիտությունը։ Հայուր տարվա անցյալի դասերը մենք չենք սովորել»,- ասաց նա։

Հայաստանի իշխանությունները հայտարարում  են, որ պետք է Ադրբեջանի հետ օր առաջ դելիմիտացիա եւ դեմարկացիա անել։ Մենք այս պահին շահեկան դիրքում չենք՝ այն իմաստով, որ ադրբեջանական  զորքը մտել է Հայաստան, ամրապնդվել մեր հողում եւ ամրաշինական աշխատանքներ է անում Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում։ Հայաստանի իշխանությունների կողմից նման հակապետական քայլի գնալը, ըստ Արիստակեսյանի, չմտածված քաղաքականության հետեւանք է։ Նրա խոսքով՝ սահմանների տեղորոշումը եւ սահմանագծումը անմիջականորեն կապ ունի կապիտուլյացիոն ակտի հետ։

«Եթե ռազմական տերմինաբանությամբ նայենք՝ ցանկացած պարտություն պետք է բերի սահմանազատման եւ սահմանների որոշման։ Ինչո՞ւ է գնում հակապետական քայլի, սա եւս չմտածված քաղաքականության արդյունք է, որն ուղիղ, անմիջականորեն կապ ունի կապիտուլյացիոն ակտի հետ»,- նշեց Արիստակեսյանը։

Մինչեւ Արցախյան 44-օյա պատերազմը շատերն ասում էին՝ Արցախը տանք, կպրծնենք պատերազմից, վտանգներից, սակայն Արցախը տալուց հետո թշնամու հետ սահմանն ավելի մոտեցավ մեզ։ Արիստակեսյանի կարծիքով՝ այս ապազգային, ցածր խոսակցությունները՝ Արցախը տանք, պրծնենք, տգիտության հետեւանք է։ «30 տարվա ընթացքում մենք բացթողումներ շատ ենք ունեցել կրթության, մշակույթի ոլորտներում, եւ ժողովրդի մակարդակով են պայմանավորված այս ցածր խոսակցությունները։ Մենք պետք է հասկանանք, որ առանց Արցախի եւ Զանգեզուրի Հայաստանը չի կարող պաշտպանված դիրք ունենալ»,- ասաց նա։

Անդրադառնալով իրանա -ադրբեջանական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում բավականին լարված են, Արիստակեսյանն ասաց․ «Ամեն պետություն  ունի իր ազգային շահերը, եւ այս առումով Իրանը հասկանում է իր շահերը եւ թույլ չի տա սահմանների որեւէ ձեւափոխում։ Պարզապես թույլ չի տա, որպեսզի երրորդ պետություն իր հետ սահման ունենա»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին՝ Արիստակեսյանը շեշտեց՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները շատ նուրբ են եւ պետք չէր սկզբում  հակառուսական քարոզ տանել, հետո թեքվել դեպի Ռուսաստանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան