կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 18:30
Քաղաքական

Եղել է անաչառ ու անկուսակցական վերաբերմունք. ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը` հայոց պատմության դասագրքերում «առկա կեղծարարությունների» մասին

Եղել է անաչառ ու անկուսակցական վերաբերմունք. ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը` հայոց պատմության դասագրքերում «առկա կեղծարարությունների» մասին

Եթե մենք պատմությունը գրեինք հնչակյանների պահանջով, ապա կհայտնվեինք ծիծաղելի վիճակում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով այսօր Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից ԳԱԱ  պատմության ինստիտուտի շենքի առջև բողոքի ակցիայի անցկացմանը:

Հիշեցնենք` ցույցը կազմակերպվել էր «Հայոց պատմություն» առարկայի «դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունների» դեմ:

Հարցի առնչությամբ Մելքոնյանը նշեց, որ մամուլի հրապարակումներում կարդացել է ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական միության դժգոհությունների մասին, թե դպրոցական դասագրքերում որոշ հարցեր խեղաթյուրվել են, մասնավորապես` Հնչակյան կուսակցության գործունեության վերաբերյալ:

«Մենք ծանոթացանք նյութերին: Այնտեղ հղումներ էին կատարվում Սապահ-Գյուլյանին, Լեոյի «Անցյալից» և «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանություն» գրքերին, որոնք վաղուց հնացել են և այդ մակարդակով Հնչակյան կուսակցության պատմություն ներկայացնելը, առավել ևս` դպրոցական դասագրքերում, արդեն անթույլատրելի է: Այս ամենից հետո ես անձամբ կապվել եմ նրանց հետ, առաջարկել գալ մեզ մոտ և հանդիպում եմ ունեցել նրանց հետ`ասելով, որ ես հայ ազգային-քաղաքական կուսակցությունների գործունեության խնդիրը համարում եմ մեր ուսումնասիրության գլխավոր օբյեկտներից մեկը և խորագույն հարգանք ունեմ մեր ազգային կուսակցությունների գործունեության նկատմամբ` անկախ այն բանից, թե որքան բացասական գնահատականներ կարող են լինել, այդ թվում` Հնչակյան կուսակցության, որովհետև փառահեղ անցյալ ունեցած կուսակցություն է: Ես, ընդհակառակը, հորդորել եմ` եթե դուք երիտասարդներ եք, որոնք ուզում են զբաղվել այդ հարցերով, մենք կփորձենք ձեզ օգտակար լինել, որովհետև ունենք համապատասխան մասնագետներ»,- ասաց պատմության ինստիտուտի տնօրենը:

Մելքոնյանի հավաստիացմամբ` իրենք գրել են Հայոց պատմության ակադեմիական հատոր, որի մեջ 3 ազգային կուսակցությունների հիմնադրման և գործունեության վերաբերյալ հավուր պատշաճի գիտական տեքստ է ներկայացված, որի կապակցությամբ որևէ դիտողություն մինչև հիմա չի եղել: «Իմանալով, որ սա խիստ զգայուն հարց է, մենք փորձել ենք հնարավորինս զգույշ վերաբերվել կուսակցությունների գործունեությանը, որովհետև գիտենք, որ մեր պատմության մեջ, ցավոք, կուսակցական վեճերը շատ են եղել, որպեսզի դրանք չբորբոքվեն: Ավելին` նույնիսկ քանոնով դրել ենք ու չափել` որ կուսակցության գործունության մասին որքան ենք գրել: Ակադեմիական այս հատորում բոլոր կուսակցությունների հիմնադրման մասին գրված է 7-8 էջ, ընդ որում` Հնչակյան կուսակցության մասին գրված է մի փոքր ավելի շատ, քան մյուս կուսակցությունների մասին»,- մանրամասնեց պատմության ինստիտուտի տնօրենը:

Ինչ վերաբերում է դպրոցական դասագրքերին, ապա, Մելքոնյանի խոսքով, առաջին հերթին հարկ է համարել նշել, որ դրանք կապ չունեն ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ: «Ցույցը կազմակերպված էր մեր ինստիտուտում: Ստացվեց այնպես, որ մենք նրանց հրավիրել էինք մեզ մոտ և հետո մեծ քննարկում կազմակերպեցինք արդեն Երևանի պետական համալսարանի, Կրթության ազգային կենտրոնի ներկայացուցիչների, ԿԳ ներկայացուցչի, Ազգային արխիվի ներկայացուցչի հետ: Քննարկման ժամանակ ընդամենը 2 հոգի էինք` ես և Գեղամ Հովհաննիսյանը, ու այդ քննարկումը տեղի էր ունենում իմ աշխատասենյակում: Սրա պատճառով հնչակյան երիտասարդները համարեցին, որ պատմության ինստիտուտն է այդ դասագիրքը գրել` առանց կարդալու, որ դասագիրքը գրել է հեղինակային կազմը, և «Զանգակ» հրատակչությունն է հրատարակել: Հետո սկսեցին թիրախավորել մեզ, և այսօր էլ 3-4 հոգով եկան, փակեցին ինստիտուտի մուտքը` բողոքելով, թե այդ քննարկման ժամանակ մենք իրենց անգրագետ ենք հանել: Մենք միայն ասում էինք`  քանի որ դուք բազային կրթություն չունեք, գիտական բանավեճ, որպես այդպիսին, չի կարող ստացվել: Ես, որպես ապացույց, ինձ հետ բերել եմ «Առավոտ» թերթի հունվարի 25-ի համարը: Այստեղ հնչակյան երիտասարդներն ինտերվյու են տվել, որում նրանց ներկայացուցիչը բողոքում է, թե իրենց կուսակցության մասին կիսատ է գրվել և ոչ ճիշտ, օրինակ` 1915 թվականի հունիսի 20-ին Կ.Պոլսում 20 հնչակյանների կախաղան բարձրացնելու պատմությունը: Նախ` մարդիկ չգիտեն, որ դա տեղի է ունեցել ոչ թե  հունիսի 20-ին, այլ հունիսի 15-ին,  ոչ թե Պոլսի հրապարակում, այլ հրապարակներից մեկում, և առաջարկում են հետևյալը` գրենք Փարամազի ջոկատի գործունեության մասին, որը զինելով կազմակերպեց Մուսա լեռան ինքնապաշտպանությունը: Բայց եթե մենք նրանց պահանջով այսպես գրեինք, կհայտվեինք ծիծաղելի վիճակում, որովհետև 1913 թվականին հնչակյան գործիչները, այդ թվում` նաև Փարամազը, արդեն ձերբակալված էին, հետևաբար` Փարամազը չէր կարող կազմակերպել Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, երբ նա դրանից 1.5 ամիս առաջ կախաղան էր բարձացված: Կամ Շապին Գարահիսարի ինքնապաշտպանության հետ ի՞նչ կապ ունի Փարամազը, թեպետ շփոթում են մեկ այլ հնչակյան գործչի` Ղուկաս Տերովլեթյանի հետ: Այսպիսի փաստեր շատ կան: Ավելին` նրանց կուսակցության ճանաչված ներկայացուցիչներից մեկը` Եղիկ Ջերեջյանը, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր, որը նաև մենագրություններ ունի Հնչակյան կուսակցության վերաբերյալ, արժանացել է մեր ուշադրությանը, միշտ նրան ոգևորել ենք`գրել այդ կուսակցության պատմությունը, և նա մեր ինստիտուտի օգնությամբ հրատարակեց «Մեծն Մուրատ» մենագրությունը: Հետո նաև հրատարակվեց Գեղամ Հովհաննիսյանի հեղինակած «Հնչակյան կուսակցության պատմությունը» գիրքը,  և վերջապես մայիսի 24-ին Հնչակյան կուսակցության ղեկավարների մասնակցությամբ մեր ինստիտուտի դահլիճում, ցավոք, երիտասարդները չեկան,  ներկայացվեց Աբել Մանուկյանի մենագրությունը Հնչակյան կուսակցության կազմակերպման և գործունության վերաբերյալ, այդ թվում` նաև հնչակյան գործիչների կախաղան բարձրացվելու պատմությունը` արդեն շվեցարական արխիվների հիման վրա: Հավելեմ, որ կ/թ «Մոսկվայում» Հնչակյան կուսակցության 20 գործիչների կաղախան բարձրացնելու տարելիցի առիթով նախաձեռնված միջոցառմանը հանդես եմ եկել ծավալուն ելույթով և ըստ պատշաճի արժևորել հայ ազգային-ազատագրական շարժման պատմության այդ դրվագը: Այսինքն` ինչ ստացվեց, մենք այդ կուսակցության նկատմամբ ունենք հրաշալի վերաբերմունք և գնահատանք, սակայն նրանք համարեցին, որ իրենց կուսակցության պատմությունը նորմալ մեկնաբանված չէ», - պարզաբանեց պատմության ինստիտուտի տնօրենը:

Նա հավելեց պատմաբանը կարող է սուբյեկտիվ լինել, բայց համարել, որ նա միտումնավոր նախկին իշխանությունների պատվերն է կատարել, դա հնարավոր չէ: «Փառք Աստծո, ես գոնե նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և ոչ մի իշխանության պալատական երգիչը չեմ լինելու: Այստեղ անաչառ ու անկուսակցական վերաբերմունք է եղել»,- վստահեցրեց Մելքոնյանը:

Նա նշեց, որ, ի տարբերություն ՀՅԴ-ի, որը կարողացել է իր անցած պատմական ուղին բազմաթիվ մենագրությունների, մամուլի միջոցով հասցնել հանրությանը, հնչակյանները դա չեն արել, մինչդեռ իրենք են փորձել կուսակցության պատմությունը ներկայացնել: «Այս պայմաններում մեզ թիրախավորելը ես չեմ հասկանում: Հնչակյան երիտասարդներից Ռադիկ Կարապետյանը մեզ մեղադրում է, թե մենք իրեն վիրավորել ենք,  չգիտեմ, թե ով «լակոտ» է անվանել: Ես հավատացնում եմ, որ մեր ինստիտուտի աշխատակիցներից երկուսը` ես ու Հովհաննիսյանը, նման բան չենք ասել, և եթե դա տեղի է ունեցել իմ աշխատասենյակում, հայցում եմ ներողամտություն: Բայց եթե նա նույն բարձրության վրա գտնվի, ապա պարտավոր է նույնպես ներողություն խնդրել, որովհետև ամեն տեսակի խոսքեր հասցեագրեց պատմաբաններին` այսօր ինստիտուտի մուտքը փակելով»,- նշեց Մելքոնյանը:

Բարձրացված հարցը ու կուսակցական գործիչների հետ հանդիպումը մեկնաբանեց նաև ԳԱԱ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ինքը նախ դժգոհ է հնչակյան երիտասարդների պահվածքից: «Անկեղծ ասեմ` ինձ հանդիպման ընթացքում երիտասարդների պահվածքը բոլորովին չգոհացրեց, նախ` մարդկային առումով: Նստած էին 6-7 երիտասարդ և իրենց ծնողների տարիքի` բավական վաստակ ունեցող պրոֆեսորներ, մասնագետներ, այդ բնագավառում մեծ ներդրում ունեցող մարդիկ, նրանց զուտ մարդկային պահվածքը կոպիտ, մարտնչող բնույթի էր, լսելու ցանկություն չունեին, կարծես եկել էին ոչ թե բանավեճ-քննարկման, այլ առճակատման: Նրանց ներկայացրած հիմնավորումները ես ուսումնասիրել եմ ու պաշտոնական կարծիք եմ ուղարկել նախարարություն: Դպրոցական դասագիրքը տարբերվում է բուհական դասագրքերից, ակադեմիական բազմահատորյակից կամ մասնագիտական գրքերից: Հաշվի է պետք առնել դպրոցական երեխաների մակարդակը: Ինչպե՞ս կարելի է նրանց նույն ծավալով մատուցել ինչպես, օրինակ, բուհական դասագրքերում: Այստեղ կա ընկալման խնդիր: Հնարավոր են թերացումներ: Որտե՞ղ կա աշխատանք` չլինեն որոշակի թերացումներ, բայց դա չէ էականը»,- նշեց նա: