կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 16:19
Հասարակություն

Հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը ազգային արժեհամակարգ են ձևավորում. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը ազգային արժեհամակարգ են ձևավորում. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Մոռանում են մի հանգամանք՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը հայեցի դաստիարակության, ազգային արժեհամակարգի ստեղծման, ազգային անվտանգության և սերունդների դաստիարակման համար խիստ կարևոր առարկաներ են. Yerkir.am-ի հաղորդմամբ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծին, մի շարք բուհերի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում իր տեսակետը ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Քանի որ մեր բուհերը համեմատում են օտարերկրյա զարգացած բուհերի հետ, մի փաստ նշեմ՝ ամերիկյան գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում պարտադիր է նրանց երկրի պատմությունը և լեզուն սովորելը»,- նշեց նա:

Դեկանի խոսքով՝ ուսանողների շարունակվող դասադուլը հիմնականում մի նպատակ ունի՝ ուշադրություն գրավել և ինչ-որ տեղ ընդհանոււր կրթական համակարգի հայեցակարգ մշակել:

Պատմաբանը փաստեց՝ անընդհատ շեշտելով «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների անունները, մոռանում են մի բան, որ բուհերում դասավանդվում են հայոց պատմության հիմնահարցերը և խոսքի մշակույթը: «Մեր բաց նամակում նաև այդ շեշտադրումը կա, որ տեսլական մշակվի և այդ ընդհանուր հայեցակարգի հիման վրա արդեն կոնկրետ քննարկում լինի»,- հավելեց նա:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը հավաստիացրեց՝ իրենք պատրաստ են տվյալ առարկաների դասավանդման շուրջ բովանդակային քննարկումների, սակայն այս պարագայում դրանց դասավանդման ոչ պարտադիր լինելուն է առնչվում խնդիրը:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:


Նարա Մարտիրոսյան