Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԳԱԱ առանցքային կառույցներից մեկի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման համար անցկացվելիք մրցույթից առաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում նախնական քննարկվել են բոլոր թեկնածուները, նրանց ներկայացրած զարգացման ծրագրերն ու կենսագրական տվյալները և պարզել, որ տնօրենի թեկնածուներից Գևորգ Մարգարյանը, որը գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է և, ըստ մամուլի հրապարակումների, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախընտրելի թեկնածուն, չի համապատասխանում ՀՀ ԳԱԱ համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացված պահանջներին:
Ըստ գործող ընտրակարգի՝ տնօրենի պաշտոնի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին: Մինչդեռ պարզվում է, որ Մարգարյանը ոչ միայն չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ, այլև մասնագիտական ուղղվածությամբ չի համապատասխանում գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից որևէ մեկին:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մայիսի 17-ին կայացած կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովի ժամանակ Բյուրոյի իրավաբանը, ապա նաև լրագրողները Մարգարյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք նա ունի գիտակազմակերպական աշխատանքային փորձ, ինչին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը խուսափողական պատասխաններ է տվել՝ փորձելով պատասխանատվությունը գցել Ակադեմիայի վրա՝ արդարանալով, թե իր ներկայացրած փաստաթղթերը, եթե ընդունել են, ուրեմն համապատասխանել է ներկայացված պահանջներին:
Ի դեպ՝ Բյուրոյի գիտական անձնակազմի ժողովը, որի ընթացքում կոլեկտիվը հնարավորություն է ունեցել հարցեր ուղղել թեկնածուներին, բավականին թեժ է անցել: Աշխատակիցներից մեկի հարցին՝ ո՞րն է տնօրենի պաշտոնում առաջադրվելու մոտիվացիան, Մարգարյանը հեգնական պատասխան է տվել՝ ասելով, որ ամեն անգամ շենքի կողքով անցնելիս, երազել է այնտեղ աշխատել: Մարգարյանը որևէ հստակ պատասխան չի տվել նաև կազմակերպության զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերին՝ ասելով, որ կգա՝ 100 օրվա մեջ խնդիրները կգույքագրի, ինչ էլ չգիտի՝ աշխատակիցներից կհարցնի՝ կիմանա:
Անդրադառնալով իր նախկին աշխատավայրից՝ շինարարական և կառուցապատման աշխատանքներով զբաղվող «Սոգլասե-Արմենիա» ՍՊԸ-ից հեռացվելու պատճառներին, Մարգարյանը պատմել է, որ 2023 թ. հունվարից ընկերության գլխավոր տնօրեն է նշանակել մի անձ, որի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանում քննվում էր քրեական գործ և բնականաբար «մեր ջրերը մի առվով չէին կարող հոսել»: Խոսքը «Սոգլասե-Արմենիա» ՍՊԸ ղեկավար, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի մասին է, ում վերաբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում: Մարգարյանը նշել է, որ իրավախորհրդատուի իր հաստիքը կրճատել են բազմաթիվ խախտումներով, որից հետո նա ստիպված է եղել գործատուին դատի տալ, սակայն հետո հաշտվել են և հայցը հետ է վերցրել:
Մարգարյանը հեգնական պատասխաններ է տվել նաև իր գիտական գործունեությանն առնչվող հարցերին: Մասնավորապես, երբ Բյուրոյի՝ գիտական ոլորտը համակարգող տեղակալը հետաքրքրվել է, թե ի՞նչ գիտական գործունեություն է իրականացրել վերջին հինգ տարիների ընթացքում, արդյոք ունի՞ տպագրված հոդվածներ միջազգային գիտական ամսագրերում, Մարգարյանը պատասխանել է, որ չունի տպագրված գիտական հոդվածներ, իսկ գիտական ուղղվածության միջոցառումների չի մասնակցել:
Պարզվում է, Գևորգ Մարգարյանը 1995 թվականից ի վեր առհասարակ գիտական աշխատանքով չի զբաղվել, իսկ դատափորձագիտական ոլորտի աշխատանքների իրականացման կազմակերպման փորձ ընդհանրապես չունի: ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական ուղղվածության կառույցի զարգացման ծրագրի մասով էլ Մարգարյանը զավեշտալի պատասխան է տվել. «Ի՞նչ եք ակնկալում, մեկը դրսից գա և ասի ինչպե՞ս է զարգացնելու, հո նոր հեծանիվ չե՞նք հորինելու, կգամ՝ առաջնահերթությունները կգույքագրեմ»,-ասել է գլխավոր դատախազի «ֆավորիտը»: Գիտական գծով տեղակալը հակադարձել է նրան՝ նկատելով, որ գիտության մեջ պետք է հենց նոր հեծանիվ հորինել, ինչին Մարգարյանն արձագանքել է, որ պետք չէ:
Մարգարյանի ինքնավստահությունն ու աշխատակիցների հանդեպ հեգնական պահվածքը, ինչպես նաև իր պատասխաններով ոլորտի վերաբերյալ դրսևորած ոչ կոմպետենտ ու անտեղյակ վարքագիծը ժողովի մասնակիցների մոտ նրա նկատմամբ որպես տնօրենի թեկնածու բացասական կարծիքի պատճառ են հանդիսացել։ Արդյունքում՝ նույն օրը տեղի ունեցած տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած գիտական անձնակազմի 125 անդամներից ընդամենը մեկն է քվեարկել Մարգարյանի օգտին՝ այդպիսով ցույց տալով, որ մերժում են ՀՀ գլխավոր դատախազի «թեկնածուին»:
Այս աղաղակող փաստերի առկայության և տնօրենի ընտրության գործընթացի վրա ՀՀ գլխավոր դատախազի ապօրինի միջամտությունների մասին հրապարակումների պայմաններում հետաքրքրական է հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում հիմնադրված կազմակերպության հիմնադրի՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև Ամերիկայի կառավարության՝ ի դեմս Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիրքորոշումները կազմակերպության գործադիր մարմնի ընտրության գործընթացն ապօրինի միջամտություններից զերծ պահելու և կազմակերպության անկախ գործունեության երաշխիքների ապահովման և կազմաքանդումից զերծ պահելու վերաբերյալ։