կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 12:49
Հասարակություն

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում. ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում. ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հեռավար հարթակում շարունակում է բարձր մակարդակի վրա պահել կրթությունը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լրատվական ծառայությունից։

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում և աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում շատ արդիական և առաջնահերթ է հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան կրթություն կամ մասնակցել դասընթացներին առցանց՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամերի՝ միաժամանակ մեկուսանալով և խուսափելով մարդկային շփումներից:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում.

• կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ,

• առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ,

• առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում,

• ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում,

• կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ,

• ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն,

• ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում,

• հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը,

• պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները մեծ եռանդ և պատրաստակամություն են ցուցաբերում: Նրանք կարող են տեխնիկական առցանց աջակցություն ստանալ անմիջապես հեռավար հարթակում: Դասախոսներն ու հարթակի համակարգողները ջանք և եռանդ չեն խնայում կրթության որակը բարձ մակարդակի վրա պահելու և զգալի արդյունքի հասնելու համար: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, անհրաժեշտության պարագայում, մշտապես պատրաստ է հանրակրթության ոլորտում հեռավար կրթության հիմունքներ և հեռավար ձևաչափով դասընթացներ մշակելու և անցկացնելու ուղղությամբ: