կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-06 10:35
Հասարակություն

65-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը

65-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ  տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն  Վլադիմիր Հարությունյանը

Հայ գիտական հանրությունը ծանր կորուստ կրեց: Կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացավ տաղանդաշատ գիտնական, վաստակաշատ և ազնիվ մտավորական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը:

Ծնվել է 1957թ. մայիսի 21-ին Լուռու մարզի Քարինջ գյուղում: 1979 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ապա ընդունվել ասպիրանտուրա:

Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ֆինանսական, հարկային, բանկային, արտադրական ու գիտական ոլորտներում: 2004 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2007 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Պրոֆեսոր Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր ու արժեքավոր: Նա թողեց գիտական հսկայական ժառանգություն:

Գիտակրթական ոլորտում անուրանալի ծառայությունների համար 2010 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասախոսել է ՀՊՏՀ-ում և ԵՊՀ-ում: 2013 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, 2014 թ., 2016 թ. և 2018 թ. «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող է: 27 մենագրության և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ է: ՀՀ կառավարությանն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ, ունի 5 տասնյակից ավելի պաշտպանած ասպիրանտներ ու հայցորդներ: Նրա պատասխանատվությամբ նախապատրաստվել և հրապարակվել են գիտական հոդվածների թվով 21 ժողովածուներ:

ՀՀ ԳԱԱ գիտական կոլեկտիվը խոր կսկիծով սգում է մեծ գիտնական, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանի անժամանակ մահը և վշտակցում նրա հարազատներին ու մտերիմներին:

ՀՀ ԳԱԱ «Հայագիտության և հասարակական գիտությունների» բաժանմունք

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ