Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վազգեն Ղուկասյանի խմբագրմամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոսության տպարանում (Անթիլիաս-Լիբանան) լույս է տեսել Արմենակ Անդրանիկյանի «Դժոխքէն դրախտ (Հայոց Ցեղասպանութեան եւ Կամաւորական բանակի Յուշեր)» գիրքը, որը Արմենակ Պետիկյան-Անդրանիկյանի կյանքի առաջին 3 տասնամյակների (1893-1920 թթ.) հուշագրությունն է:
Արմենակ Անդրանիկյանը ծնվել է 1893 թ., Էրզրումի նահանգի Քղի գավառի Ագրակ գյուղում: Նա 1915-16 թթ., շուրջ մեկուկես տարի, Քղիի և վերջինիս սահմանակից Դերսիմի քրդաբնակ շրջանում ապրել է Հայոց ցեղասպանության սարսափն ու հաճախ հրաշքով է փրկվել ստույգ մահվանից կամ իբրև ստրուկ քուրդ ընտանիքիների մոտ ապաստան գտնելուց: 1916 թ. դեկտեմբերին նա վերջապես կարողանում է փախչել Դերսիմից, անցնել պատերազմի կովկասյան ճակատի ռուսական կողմն ու հասնել Կարին-Էրզրում, որտեղ և միացել է Կարնո ինքնապաշտպանության հայ կամավորների խմբին: 1918 թ.՝ շուրջ 6 ամիս, որպես զինվոր նա ծառայել է Զորավար Անդրանիկի հայ կամավորական բանակում:
Արմենակ Անդրանիկյանը սկսել է իր հուշերը գրի առնել 1917 թ. Կարին-Էրզրումում: Հաջորդ տարի, Անդրանիկի կամավորական բանակին միանալուց առաջ, հուշերի այդ տետրը հանձնել է կնոջ քրոջը՝ Գյուլնազին, որը նույնպես իբրև գաղթական նախ հասել էր Կարին-Էրզրում, ապա անցել Արևելյան Հայաստան՝ Լոռի, ուր և նա մահացել է, և հետևաբար, Անդրանիկյանի հուշերու այդ առաջին տետրը կորել է:
Ներկա հատորը գրի է առնվել 1940-ական թթ կեսերին, ԱՄՆ-ում: Հեղինակի թոռան՝ Հակոբ Անդրանիկյանի և նրա քրոջ՝ Լինդա Անդրանիկյան-Քեչեջյանի խնդրանքով, Վազգեն Ղուկասյանը հանձն է առել հուշերի հայերեն բնագիրը հրատարակելու աշխատանքը: