կարևոր
51391 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 14:27
Մշակույթ Հասարակություն

«100 բանաստեղծություն» գիրքը՝ նվիրված Սեւակի ծննդյան 100-ամյակին․ ժողովածուն լույս է տեսել Համազգայինի հովանավորությամբ

Չորեքշաբթի՝ հունվարի 17-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Պարույր Սեւակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսը։ 2024-ին լրանում է հայ մեծանուն գրողի 100-ամյակը։

Ժողովածուն լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ՝ Պարույր Սեւակի տուն-թանգարանի։ 

Գրողի թոռը, գրքի խմբագիր Սեւակ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ժողովածուն կազմել է իր հայրը՝ Սեւակի միջնեկ որդին՝ գրականագետ Արմեն Ղազարյանը։ Այն ընդգրկում է Սեւակի՝ տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծություններն ու երկու հավելված՝ «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն ու «Ինչ-ը, ինչպես-ը եւ որպես-ը» հարցազրույցը։ «Կազմվել է 100 գործի սկզբունքով, քանի որ 100-ամյակն է։ Սկզբում հայրենասիրական  բնույթի գործերն են, այնուհետեւ խոհափիլիսոփայական, սիրային։ Փորձել ենք ծաղկաքաղ անել Սեւակի լավագույն ստեղծագործությունները հիմնականում 4 գրքերից՝ «Սիրո ճանապարհ», «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»։ Ամենից շատ գործերը «Եղիցի լույս» գրքից են, որը Սեւակի բանաստեղծական վերջին ժողովածուն է»,-նշեց նա։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասաց, որ տարին շնչելու է  Սեւակով, լինելու է  սեւակյան։ «Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, անմասն չի մնա նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն իր լավագույն զավակներից մեկի հոբելյանը նշելուց։ Այս գրքի շնորհանդեսն այս շարքում առաջինն է։ Հոբելյանական տարվա միջոցառումները, գիտաժողովները, հրատարակությունները, ըստ էության, կլինեն ընդամենը ոչ թե վերագնահատման, այլ նորովի ու նորից հանրահռչակելու փորձ մեր սիրելի մեծ բանաստեղծին»,- ասաց նա։

Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական Վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի խոսքով։ «Սեւակն այն եզակիներից է, ում խոսքը բոլոր սերունդների և բոլոր ժամանակների համար է» ,-նշեց նա։

Նոր գրքին, գրողի ստեղծագործական ուղուն ու կյանքին անդրադարձան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Սեւակ Ղազարյանը։

Սեւակի բանաստեղծություններից քանիսը ներկայացրին ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը եւ ասմունքող Գայանե Սամվելյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան Լուիզա Երեմյանը, Մարիցա Թիլիքյանը, Արամ Խաչատուրյանը եւ Մարգարիտ Սարգսյանը (դաշնակահարուհի), որոնք մատուցեցին հենց Սեւակի ստեղծագործությունները։

Մանրամասն՝ տեսանյութում