Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը անդրադարձ էր կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի հնարավոր փակման մասին լուրերին: Պատճառն ուսանողների քիչ թվաքանակն է: Համալսարանում գործող կանոնակարգի համաձայն ֆակուլտետում ուսանողների թվաքանակը պետք է պակաս չլինի 200-ից, իսկ ֆակուլտետում, բակալավրի ավարտական կուրսերը չհաշված, սովորում է 145 ուսանող (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, առկա, հեռակա միասին վերցրած):
Մեր հրապարակումը մեծ դժգոհություն է առաջացրել ֆակուլտետի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև բազմահազար շրջանավարտների շրջանում: Ավելորդ աղմուկից խուսափելու համար համալսարանը ներկայացրել է պարզաբանում՝ վրան զետեղելով «Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը պետք է մնա» պաթետիկ վերնագիր, որն ընտրելիս հավանաբար հիշել են մերօրյա «դասականին»՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Մենք ևս կուզենայինք վարակվել պարզաբանման մեջ առկա լավատեսությամբ, քանի որ շատ լավ հասկանում ենք, թե ինչ կարևոր ռազմավարական մասնագիտություններ են ընդգրկված ֆակուլտետում: Իսկ այժմ ներկայացնենք մեր նկատառումները համալսարանից կողմից ներկայացված երկու առանցքային նկատառումների վերաբերյալ:
1. Համալսարանն ափսոսում է, որ գուշակություններ չեն արել գալիք ուստարում ուսանողների սպասվող համալրման մասին:
ա) Գուշակություններ դժվար կարողանաք անել, իսկ համալրման վերաբերյալ կանխատեսումներ, ինչպես նաև ընդունելության շեշտակի ավելացման համար աշխատանքեր պարտավոր եք անել:
բ) Կանխատեսման համար առնվազն պետք է աչքի անցկացնեք վերջին 4 տարիների՝ 2019-2023 թթ. ընդունելության արդյունքերը, ըստ որի ֆակուլտետի առկա ուսուցման համակարգ համապատասխանաբար ընդունվել են 10, 10, 4 և 1 դիմորդներ: 4 տարում՝ ընդամենը 25 ուսանող: Հեռակայի արդյունքերը ուսումնասիրեք ինքուրույն:
գ) 145 թվի մեջ ներառված են նաև մագիստրանտները: Եթե հանեք ավարտողներին, 145-ը բնականաբար կնվազի:
դ) Ձեր կողմից Yerkir.am-ին տրամադրված տեղեկանքում առկա բակալավրիատի ուսանողների թիվը 79 է, սակայն, ինչպես վերը նշեցինք,վերջին 4 տարիները ընդհանուր վերցրած ընդունել եք 25 ուսանող, 3 անգամ պակաս ձեր ներկայացրած թվից: Ամեն դեպքում մի անգամ ևս ստուգեք՝ ունե՞ք արդյոք 79 ուսանող առկա բակալավրիատում: Ամենապարզ մեթոդը մատյաններում ուսանողների թվաքանակը հաշվելն է: Ի դեպ Yerkir.am – ը անդրադարձել էր նաև դասախոսական կազմի հաստիքների մասով դեռևս ենթադրյալ թվաբանական սխալներին:
2. Ըստ համալսարանի՝ երկրորդ եւ շատ ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ, անկախ այն բանից, թե ֆակուլտետը քանի ուսանող կունենա առաջիկա ուսումնական տարում, ֆակուլտետը պիտի մնա և.., կանոնակարգը, որ կարելի է փոփոխել ու լրացնել, ինչպես արվում է միշտ եւ ամենուրեք։
ա) Շատ լավ է, որ ֆակուլտետը մնա: Սակայն դրանից 100 անգամ կարևոր է, որ ֆակուլտետը ունենա ուսանողներ, ընդունվեն դիմորդներ: Եվ ոչ թե 1 դիմորդ ընդունվի, այլ՝ 100:
բ) Իհարկե կանոնակարգը կարող եք փոփոխել: Անգամ՝ ամեն տարի: Սկզբում ֆակուլտետի նվազագույն ուսանողների թվաքանակը կարող եք դարձնել 200-ից 100, այնուհետև` 74, այնուհետև` 33, և այդպես շարունակ…
Համալսարանը վերջում ակնկալում է պետական ու հանրային հզոր աջակցություն ոլորտում բարձրագույն կրթություն ապահովող միակ բուհին՝ ուսանողների համալրման հարցում։ Ընդունելության 4 ձախողած տարիների համար մեղավոր էր սկզբից կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը: Իսկ համալսարանի ղեկավարությունն արդյո՞ք չի տեսնում մեղքի իր բաժինը: Թե՞ կրկին օրվա «հերոսի» օրինակով ինքն իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը:
Իսկ այս կարևորագույն բուհից երբևիցե ձայն, բողոք, քննադատական խոսք, ուսանողական խորհրդի կողմից իրականացվող բողոքի ակցիա, քայլերթ ու նման բազմաթիվ քայլերից որևէ մեկն իրականացվե՞լ է, օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը փակում էր Գյուղատնտեսության նախարարությունը, երբ Քերոբյան ազգանվամբ անհասկանալի մի նախարար զավեշտալի խորհուրդներ էր տալիս գյուղացիներին ու գյուղոլորտի ներկայացուցիչներին, երբ Փաշինյանի թուրքատենչ իշխանությունն ագրարային երկիրը փորձում է վերածել թուրքական չարչիանոցի, երբ Փաշինյանի վարչախումբը փորձում է խաղալ բուհերի ճակատագրի հետ, հանել մայրաքաղաքից (Երևանում բուհ չպետք է լինի) և տանել Երևանի գերեզմանատներից մեկի վրա, և այլն, և այլն:
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը. Արցախն Ադրբեջան համարող Փաշինյանի պետականակործան ուղտը մի օր չոքելու է բոլորի դռանը, իսկ այսօր այն Ագրարայինի առջև է: