Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր:
Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ:
«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե' Մեծ Պարնի համայնքում, թե' Լոռու մարզում և թե' ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակի խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները», - նշել է Արթուր Խաչատրյանը:
Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը:
Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպես կապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։
Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ:
Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներ:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպ կառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:
Միջոցառումից հետո Արթուր Խաչատրյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ։ Նախարարը համայնքի անասնաբույժից հետաքրքրվել է մարզում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին՝ հաշվի առնելով խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերի մասին մամուլում վերջերս տեղ գտած լուրերը։ Անասնաբույժը հավաստիացրել է, որ անասնահամաճարակային վիճակը կայուն է ու վերահսկելի, և բնակչությունն անհանգստանալու կարիք չունի։
Գյուղացիներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութերի սուբսիդավորման, պետական օժանդակության այլ ծրագրերի, մթերումների և այլ խնդիրների վերաբերյալ։ Նախարար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական լիզինգի ծրագրին, որի շրջանակում այսուհետ շահառուները տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով 20% կանխավճարով կարող են ձեռք բերել նաև սարքավորումներ, որոնք կիրառվում են ջերմոցային, սառնարանային տնտեսությունների, թարմ պտուղ-բանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեության, սպանդանոցային տնտեսության, ագրովերամշակող արդյունաբերության և ագրոպարենային ոլորտի այլ գործունեության մեջ։