կարևոր
45235 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-26 22:45
Հասարակություն Տնտեսական

Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Փաստինֆո»

Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Փաստինֆո»

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց։ Այս մասին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկեղ մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այդ տարածքները հանձնելու իր դիրքորոշման մասին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է գազատարի տեղափոխման հարցը, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրի համար, որքա՞ն կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը։ Ընկերությունն այսօր հնարավոր համարո՞ւմ է ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։

Ի պատասխան գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։

«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Ա. Գաբրիելյանն ու ավելացրել. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։

Աղբյուր` Փաստինֆո