Քաղաքագետ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը գրում է.
«Վեր կաց, Հայ մարդ, զարթնիր քո նիրհից։ Քո թիկունքում՝ քո սուրբ հողերը թշնամուն հանձնելու շուրջ են պայմանավորվում։ Փաշինյանն ու քաղաքական բոլոր գործիչները այսօր կան, վաղը նրանց մասին չեն էլ հիշելու, իսկ քո զավակները կմնան անտուն ու անհայրենիք։
Վեր կաց ու ձեռք մեկնիր քո հայրենակցին, սիրով լսիր նրան, գնա ընդառաջ։ Թույլ մի տուր սահմանազատման կամ խաղաղության որևէ պայմանագրի քննարկումն անգամ, քանի դեռ չեն ճանաչել Արցախիդ՝ որդուդ անկախությունն ու քո բնական իրավունքները, քանի դեռ թուրքը դուրս չի եկել քո հողից ու չի ճանաչել քո իսկ բնօրրանում քո ապրելու, երջանիկ լինելու, զարգանալու իրավունքները։
Համազգային միասնությունն ու միակամությունն են, որ մեզ կփրկեն ու կերաշխավորեն մեր ապագան մեր իսկ տանը։
Հարկավոր է միջազգայնացնել Հայաստանի ու Արցախի հարցերը։ Մինսկի խմբից մինչև ՄԱԿ ու միջազգային դատարաններ։
Խորհրդային սահմանները գծված են Թուրքիայի ու Ռուսաստանի որոշումներով։ Մենք լռելու և անտարբերության իրավունք չունենք։
Հեղափոխակա՞ն ես, թե՞ հակահեղափոխական, հի՞ն ես, թե՞ նոր, Սև ե՞ս, թե՞ սպիտակ՝ մեկն ես՝ Հայ, Արմեն։ Քո տեսակի, քո կենսատարածքի, քո տան, քո բնակարանի, քո ապրելու ու գոյատևելու խնդիրն է դրված այսօրվա քաղաքական սեղաններին։ Դու պիտի զգոն լինես ու պատասխանատու։ Դու պիտի բռունցքվես ինքդ քո շուրջ ու դուրս գաս, քեզանով հրապարակներ ու փողոցներ լցնես, որպեսզի թույլ չտաս անդառնալի կործանման գործընթացները։
Վեր կաց, Հայ Երիտասարդ։
Քո ապագայի հարցն են արծարծում նրանք, ովքեր թքած ունեն, թե ինչպես կգոյատևես։ Մի՞թե արյունդ չի եռում այսօրվա անարդարություններից ու դաժանությունից։ Մի՞թե հացով է միայն ու երակներիդ մեջ ոգեղեն կրակ չկա։ Մի՞թե անիմաստ են զոհվել մեր նահատակները։ Մի կողմ դիր այսօրվա խնդիրները և ապրիր վաղվա օրով, վաղվա համար։
Զարթնիր Հայ զինվորական ու սպա, աշխարհազորային ու անվտանգության աշխատակից։ Զարթնիր, եթե երակներիդ մեջ մի կաթիլ պատվախնդրություն ու վրեժ կա, եթե գիտակցում ես այսօրվա կործանարար քաղաքական ընթացքները, մի լռիր, մի նիրհիր, մի հանգստացիր, այլ բարձրաձայնիր ու միացիր նրանց, ովքեր դեռ արթուն են, ում չի խլցրել համաշխարհային հեղափոխության թավշյա թմբիրը։
Արթնացիր, իմ սփյուռք, իմ համայն հայություն։ Արթնացիր ամենուր, որտեղ կաս։ Դու ես մեր պատմական հայրենիքի ու ինքնության պահանջատերը, մեր լինելության երաշխավորը։ Մի կողմ դիր հատվածականություն ու տեղային մտածողություն, կուսակցականութություն ու պատեհապաշտություն։ Քո Հայրենիքը քո միասնական կամքի կարիքը ունի այսօր։