Փաստինֆո-ն գրում է․
«Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումը շուտով կհասնի նաեւ Տավուշին եւ որոշ տարածքներ, այդ թվում՝ կարեւոր ենթակառուցվածքներ, կանցնեն ադրբեջանական հսկողության տակ։ Բացի այդ՝ քննարկվում է երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։
Ընդ որում՝ ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռեւս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։ Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ ոլորանների մի հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվության, նաև տեղի բնակիչների մտահոգությունների կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ Ոսկեպարի համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանի հետ, որը պնդեց, թե դրանք միայն խոսակցություններ են։ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա։ Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հուսանք այդպիսի բան չի լինի, նույնիսկ չենք ուզում խոսել դրա մասին»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե սյունեցիները ևս չէին սպասում, որ մարզի քարտեզում երբևէ փոփոխություն կլինի, բայց մի քանի տասնյակ բնակիչ պարտադրված է եղել իր տունը թողնել ադրբեջանցիներին ու հեռանալ, իսկ ճանապարհներին էլ ծածանվում է թշնամու դրոշը, հնարավո՞ր է, որ սյունեցիների պես տավուշցիները ևս անակնկալի գան, Մախսուդյանը պատասխանեց.
«Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի պաշտոնական տվյալ չկա, ոչ մի բան չի ասվել։ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։ Ոսկեպար համայնքի ղեկավարը չի հերքում, որ նշված խոսակցությունները բնակիչների շրջանում ամեն օր են ծավալվում։ «Քանի որ մենք ապրում ենք հենց Ոսկեպարում, մեզ ավելի շատ են անհանգստացնում այդ խոսակցությունները, բայց հիմա հստակ ոչ մի բան ասել չեմ կարող, քանի որ պաշտոնական բան չկա»։ Հարցին՝ արդյոք դիմե՞լ է պատկան մարմիններին, տեղեկություն ստանալու համար, Մախսուդյանն ասաց՝ «բնականաբար», բայց ո՞ւմ ու ի՞նչ հարցով՝ չմանրամասնեց։ «Դիմել ենք մարդկանց, ստացել պատասխաններ, որ ոչ մի անհանգստացնող փաստ այս պահի դրությամբ չունենք»,- եզրափակեց Սերոբ Մախսուդյանը։